««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտնել է, որ հուլիսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 25-ը ALK ավիաուղիները ոչ կանոնավոր չվերթեր կիրականացնի Երեւան-Լիոն (Ֆրանսիա)-Երեւան, Երեւան-Էյնդհովեն (Նիդերլանդներ)-Երեւան եւ Երեւան-Համբուրգ (Գերմանիա)-Երեւան երթուղիներով՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ:
Դեպի Լիոն չվերթերը կիրականացվեն հինգշաբթի, դեպի Էյնդհովեն՝ ուրբաթ, իսկ դեպի Համբուրգ՝ շաբաթ օրերին:
Դեպի Ավստրիա
«Զվարթնոց» օդանավակայանը հայտնել է, որ Wizz Air ավիաընկերությունը այսուհետեւ Վիեննա-Երեւան-Վիեննա երթուղով կանոնավոր չվերթ կիրականացնի։
Թռիչքները մեկնարկել են հուլիսի 7-ից։ Վիեննա-Երեւան-Վիեննա երթուղով չվերթը կիրականացվի շաբաթը մեկ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:
Գերմանիան բաց է Հայաստանի համար
«Զվարթնոց» օդանավակայանը հայտնել է նաեւ, որ Eurowings գերմանական բյուջետային ավիաընկերությունը օգոստոսի 6-ից յուրաքանչյուր ուրբաթ կիրականացնի Քյոլն-Երեւան-Քյոլն երթուղով չվերթ՝ շաբաթը մեկ հաճախականությամբ:
Գերմանիան վերանայել է այլ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի սահմանափակումները: schengenvisainfo-ն հայտնել է, որ Գերմանիան մուտքի սահմանափակումները չեղարկել է նաեւ ՀՀ քաղաքացիների համար:
Սահմանափակումները հանվել են Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Կոսովոյի, Կատարի, Կանադայի, Հորդանանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ադրբեջանի եւ Բրունեյի քաղաքացիների համար եւս:
Այդ երկրների յուրաքանչյուր քաղաքացի կարող է Գերմանիա մուտք գործել առանց ճանապարհորդության կարեւոր պատճառի եւ անկախ պատվաստման կարգավիճակից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ Գերմանիան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել:
Նորաբաց ուղիղ չվերթ
Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի օդանավակայանների գլխավոր տնօրեն Ռամին Ազարին հայտնել է, որ մեկնարկել է Թավրիզ-Երեւան-Թավրիզ նորաբաց ուղիղ չվերթը, որը Թավրիզի միջազգային օդանավակայանի երրորդ միջազգային թռիչքային գիծն է:
40 րոպե տեւող Թավրիզ-Երեւան չվերթը նշանակված է յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի:
Ազարին հավելել է, որ Թավրիզից թռիչքներ են իրականացվում դեպի Իրանի 11 եւ արտասահմանյան 3 քաղաքներ՝ Ստամբուլ, Իզմիր եւ Երեւան: