Հայիթիի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են նախագահ Մոիզի առանձնատան վրա հարձակման 28 մասնակիցներին։ Դրանցից երկուսը ամերիկացիներ են, 26-ը՝ Կոլումբիայի քաղաքացիներ՝ հիմնականում լատինաամերիկյան այդ երկրի Զինուժի պաշտոնաթող ծառայողներ։
Հայիթիի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, խոսնակ Ժոզեֆ Լամբերին նշանակել է երկրի ժամանակավոր նախագահ: Իրադրությունը կղզում շարունակում է լարված մնալ։
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ Ներքին անվտանգության գործակալության աշխատակիցները առաջիկա ժամերին կմեկնեն Հայիթի՝ այդ երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանության հետաքննությանն օժանդակելու նպատակով։
Հայտնի է դարձել, որ Հայիթիի ժամանակավոր վարչապետ Կլոդ Ժոզեֆը նամակով դիմել է ԱՄՆ իշխանություններին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ռազմական աջակցության խնդրանքով։
Հայիթիի վարչապետը նշել է, որ երկրի կառավարությունն արտաքին օժանդակության կարիք ունի նախեւառաջ առանցքային ենթակառույցները՝ Պորտ-օ-Պրենսի միջազգային օդանավակայանն ու երկրում գտնվող նավահանգիստները պաշտպանելու համար։