Գյումրու մի քանի մանր ու խոշոր վաճառասրահներում տեղական՝ «Նոր հատիկ» անվանումով հնդկաձավար գտնելու մեր փորձերն ապարդյուն եղան, նման մակնշմամբ հնդկաձավար չունեն, չեն էլ ունեցել։
Շիրակի մարզի հյուսիսային դարպասը համարվող Բավրա համայնքում 2017 թվականի հուլիսի 14-ին մեծ հանդիսավորությամբ բացված «Նոր հատիկ» հնդկացորենի վերամշակման գործարանում խոստացել էին, որ կարճ ժամանակ անց տեղի սպառողը հնարավորություն կունենա գնելու տեղական, բարձրորակ ու մատչելի հնդկաձավար։
Գործարանը հիմնվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ արգենտինահայ բարերարների աջակցությամբ, վերամշակման ծրագիրն էլ իրականացվում էր Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության ու գյուղի զարգացման ծրագրով։
Բավրայի գործարանը համախմբում էր 28 կոոպերատիվ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերից: Քանի որ գյուղը գազաֆիկացված չէր, հնդկացորենի վերամշակման համար անհրաժեշտ բարձր ջերմությունն էլ ապահովում էին հնդկացորենի կեղեւից ստացված բիովառելիքով։
Շիրակի մարզի, մասնավորապես Աշոցքի տարածաշրջանի հողօգտագործողները ոգեւորված էին, համոզված, որ հնդկացորեն կաճեցնեն, սպառման խնդիր չեն ունենա, եկամուտն էլ ինքնին կհոսի։
Արտադրողի եւ գյուղատնտեսությամբ զբաղվողների ուրախությունը, սակայն, երկու ամսվա կյանք ունեցավ։ Գործարանն այսօր գրեթե պարապուրդի է մատնված։ Տարեկան 5000 տոննա արտադրողականություն ունեցող գործարանն այժմ աշխատում է ներուժի մեկ տոկոսի չափով։
Պատճառներից առաջինն, ըստ «Նոր հատիկ» հնդկացորենի վերամշակման գործարանի տնօրեն Կորյուն Սումբուլյանի, արհեստական խոչընդոտն էր՝ անբարեխիղճ մրցակցությունը։
«Մինչեւ սովորեցինք տեխնոլոգիան, մասնագիտացանք, դրսի մասնագետները սովորեցին մեզ մոտ աճեցված հնդկացորենի առանձնահատկությունները, ահռելի քանակով հնդկացորեն ներկրվեց հանրապետություն, գներն արհեստականորեն իջեցվեցին մինչեւ 200 դրամ՝ մեկ կիլոգրամի համար, այնինչ մեր հնդկաձավարի ինքնարժեքը 270 դրամ էր։ Հենց այդտեղից խաթարվեց գործարանի բնականոն աշխատանքը, պարտքեր գոյացան»,- դժգոհում է տեղական արտադրողը։
Մինչ շուկայում կկարգավորվեր հնդկաձավարի գնային սանդղակը, գյուղացիական տնտեսությունները կրեցին առաջին վնասները, չմթերված հնդկացորենը մնաց ամբարներում։
Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրի բնակիչ Սուրեն Սահակյանը պատմում է, որ գործարանի աշխատանքները սկսվելուն պես գյուղացիները ոգեւորված ցանեցին հնդկացորենը, բայց չիրացվեց, մարդիկ ստիպված աղացին ու որպես անասնակեր իրացրին։ «Այժմ ցանք էլ, մթերում էլ չեն իրականացվում»,- ասում է Սահակյանը։
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը վստահ է, որ եթե նախատեսված ծավալով հումքի մթերում իրականացվեր, մասնագիտացված գյուղացիական տնտեսությունները կզբաղվեին հնդկացորենի մշակմամբ։ 2-3 տարի առաջ մարզում մշակվել է 200 հեկտար հնդկացորեն։ Մարզպետարանի վիճակագրական վարչության վերջին տվյալների համաձայն՝ հիմնական հացահատիկից բացի, այլ հատիկաընդեղեն ցանված է ընդամենը 24 հեկտար, որի մեջ մտնում է հնդկացորենը։
Հումքի պակասի համար գործարանի տնօրենը երաշտից ու կարկուտից բացի, մեղադրում է նաեւ գյուղատնտեսության ոլորտը կարգավորող մարմնին։
«Անասնակեր եւ այլ հացահատիկ ցանելու համար պետությունը սուբսիդավորում է, հնդկացորենի համար՝ ոչ, ես դիտավորություն եմ տեսնում, որ ոլորտը չզարգանա,- նշում է Կորյուն Սումբուլյանը եւ հավելում,- ո՛չ նախկինները մի բան արեցին, ո՛չ ներկաները, մնում է մենք պահենք մեր գլուխն ու ելքեր գտնենք ստեղծված իրավիճակից, տեղական ոչ մի կազմակերպության հետ համագործակցել չենք ուզում»։
Ելքեր որոնելու ճանապարհին Կորյուն Սմբուլյանը համագործակցության եզրեր է գտել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հետ։ Համագործակցության շրջանակում գործարանն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերից կվերամշակի 10 անուն հատիկեղեն։
Իսկ առայժմ 200 հազար եվրո արժողության գործարանը վերամշակում է անհատ գյուղատնտեսների մի քանի պարկ հնդկացորենը, որ գոնե թանկարժեք հաստոցները շարքից դուրս չգան։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։