«Արմյանսկիյ տարազ, գրանատ` սիմվոլ Արմենիի, գուլպա, արմենիան ալփաբեթ, Հաղպատ մանաստիր»․․․ Հաղպատի վանական համալիր այցելող օտարերկրյա զբոսաշրջիկներին այս խոսքերով են իրենց սեղանների մոտ կանչում եկեղեցու բակում առեւտուր անող կանայք։
Սեղաններին ու տաղավարներում ամեն ինչ կա․ գյուղի բերք ու բարիքից սկսած մինչեւ Հայաստանը խորհրդանշող զանազան հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ։ Ասում են՝ վաճառքից գոհ են, բայց հիմնական գնորդ շարունակում են լինել արտասահմանցի զբոսաշրջիկները։ Քիչ է պատահում, որ տեղացիները շատ բան գնեն։
Միեւնույն ապրանքից կա գրեթե բոլորի մոտ, բայց, ինչպես փաստում են կանայք, հաշտ ու համերաշխ են առեւտուր անում։ Գնորդն է որոշողը, թե ումից ինչ գնի։ Լինում է նաև այնպես, երբ մեկի մոտ որեւէ հուշանվերի գին են հարցնում, իսկ հետո կողքի սեղանից նույն բանն ավելի թանկ են գնում։ Նման դեպքերին ծիծաղով են վերաբերվում, որովհետեւ, ինչպես ասում են, վաղուց արդեն մի կոլեկտիվ են դարձել։ Անգամ միմյանց վաճառասեղաններն են հսկում ու առեւտուր անում, եթե իրենցից մեկը տեղում չէ։
Կոլեկտիվի ոգին տիկին Կարինեն է։ Արդեն 5 տարի իր հումորով ու զրույցներով ոչ միայն զբոսաշրջիկներին է գրավում, այլեւ շուրջը գտնվողներին։ Տեղյակ է ամեն ինչից՝ այն, որ նոր գյուղապետ ունեն, ոռոգման ջրատարն է փոխվել, գյուղում նոր հյուրատուն են կառուցում եւ այլն։ Նրան ամենից շատ, սակայն, գյուղի, մասնավորապես եկեղեցամերձ հրապարակի մաքրությունն է մտահոգում, ինչի համար, ասում է, ամեն օր պայքարում են․ զբոսաշրջային վայր է, հազարավոր մարդիկ են գալիս։
Առեւտուրը՝ առեւտուր, բայց Հաղպատն «առաջ է գնում» հյուրատնային բիզնեսով։ Հյուրանոցներում հիմնականում հաղպատցիներ են աշխատում։ Կարինե Մաթոսյանն էլ նախկինում խոհարար է եղել, բայց առողջական խնդիրների պատճառով չի կարողացել շարունակել աշխատանքն ու որոշել է առեւտուր սկսել։
«Մեկ-երկու անգամ էկա եկեղեցու բակ, տեսա, որ էն, ինչ որ անում են, ես էլ կարող եմ անել։ Կողքի խանութից հայկական նախշերով կտոր վերցրի, սփռոցներ, գոգնոցներ ու այլ բաներ կարեցի, բայց 20 օր ոչինչ չվաճառեցի։ Հիասթափությունս մեծ էր, ուզում էի թողնել, բայց կողքից ոգեւորեցին։ Հետո կամաց-կամաց գործը բացվեց։ Ու հիմա ամբողջ ամռանն իմ ընտանիքը կարողանում եմ պահեմ»,- հպարտությամբ ասում է տիկին Կարինեն։
Ըստ նրա՝ ամենից պահանջվածը հայկական տարազի նախշերով ապրանքներն են։ Բայց հիմա, երբ դրսից եկողներ չկան, հիմնականում եկեղեցու նկարներով մագնիսներ է վաճառում։
Աշխատավայր դարձած եկեղեցու բակում օրերը հետաքրքիր եւ ուրախ են անցնում․ հարսանիքներ են դիմավորում, օրհնում նորապսակներին ու նրանցից քաղցրավենիք ու տարոսիկներ նվեր ստանում, հայ հայտնիների հետ են շփվում, զրուցում ու լուսանկարվում։ Ամեն տարի Հաղպատ այցելող որոշ օտարերկրացիներ, նրանց ուղեկցող զբոսավարներն ու անգամ վարորդներն արդեն հարազատ են դարձել, պատմում է տիկին Կարինեն եւ ուրախությամբ նշում՝ գալիս են, գրկախառնվում, իրենք էլ նվերներ են տալիս, ճանապարհում։
«Շատ բան առնողներին էլ պարտադիր նվեր ենք տալիս, իսկ գիդերը [զբոսավարները] լավ են զգում, որ Հաղպատից իրենց տուրիստը [զբոսաշրջիկը] գոհ է հեռանում։ Տեղացիներին էլ առանց նվերի չենք թողնում։ Ծնողը երեխայի հետ մոտենում է, գին հարցնում ու գնում։ Էրեխուն հետ ենք կանչում, ինչ-որ բան նվիրում։ Կամ ում մոտ ինչքան գումար կա, էդքանով էլ տալիս ենք»,- ասում է Կարինե Մաթոսյանը։
Եկեղեցամերձ տարածքում երկար տարիներ առեւտուր անող կանանց համար նախորդ տարին խիստ անբարենպաստ է եղել։ Համավարակի պատճառով ոմանք ընդհանրապես աշխատանքի դուրս չեն եկել։ Մի քանիսն էլ, դիմակը դրած, հատուկենտ տեղացիների են ընդունել ու ճանապարհել։
Նավրիկ Պարանյանն այստեղ աշխատում է 2008 թվականից։ Կորոնավիրուսից չի վախեցել․ բացօթյա պայմաններում անհանգստանալու կարիք չկար։ Բայց պատերազմի օրերին հրաժարվել է տնից դուրս գալուց, որովհետեւ, ինչպես ասում է, սիրտ չկար։ Տիկին Նավրիկի թոռը նույնպես Արցախում է եղել, երկու օր առաջ է ծառայությունն ավարտել ու տուն եկել։
Հրապարակի միակ կահավորված տաղավարը Նավրիկ Պարանյանինն է, որտեղ նաեւ համագյուղացիների տված ապրանքներն (մուրաբա, խոտաբույսեր, օղի եւ այլն) է վերավաճառում։ Ասում է՝ տաղավարը փեսան է կառուցել ու խնդրել է զբաղվել այս գործով։
Գյուղի մանկապարտեզում մոտ 40 տարի աշխատած դաստիարակն ուրախությամբ է ընդունել աղջկա ընտանիքի առաջարկը, որովհետեւ կենսաթոշակի անցնելուց հետո տանը չէր կարողանում նստել։ Տարիներ առաջ տիկին Նավրիկի գյուղապետ փեսան նույն հրապարակում նաեւ այլ տաղավարներ է կառուցել, որը չնչին օրավարձով (50 դրամ) զբաղեցրել են համագյուղացի կանայք։ Սակայն կարճ ժամանակ անց տաղավարները եկեղեցու միջնորդությամբ ապամոնտաժվել են՝ որպես հուշարձանի տարածքում դրա նպատակային օգտագործմանը չհամապատասխանող կառույցներ։
Երաժիշտ-խմբավար Ռիմա Անանյանի մասնագիտական գործունեությունն արվեստի, հանրակրթական դպրոցներում ու մանկապարտեզում է անցել։ Արդեն 16 տարի Հաղպատի եկեղեցու երգչախումբն է ղեկավարում։ Զուգահեռ նաեւ տիկնիկներ է գործում ու վաճառում։
«Նկարչությամբ ու հելյունագործությամբ միշտ զբաղվել եմ, բայց տիկնիկներ երկու տարի է, ինչ գործում եմ։ Ինտերնետով եմ տեսել, սովորել տեխնիկան։ Բայց կերպարներն իմ մտահղացմամբ եմ ստեղծում։ Կտորի տիկնիկներ նույնպես պատրաստել եմ, բայց սա ավելի մեծ սիրով եմ անում։ Եթե հինգ րոպե ազատ ժամանակ ունեմ, ուրեմն ձեռքս եմ վերցնում հելյունը։
Տուրիստներն անտարբեր չեն անցնում իմ գործերի կողքով։ Ժամանակի ընթացքում լավ վաճառքն էլ դրդեց, որ ավելի շատ աշխատեմ ու գործեմ»,- պատմում է տիկին Ռիման։
Հաղպատի եկեղեցու բակում բոլորին քաջ հայտնի Նունեն կամ, ինչպես ինքն է ասում, անձնագրով Արփինե Սոխակյանը, տեղի ամենահնաբնակն է․ 22 տարի այստեղ է՝ մարտից մինչեւ նոյեմբերի վերջ։ Պատմում է, որ կողքի կանանց նման հաճույքի կամ ազատ ժամանակն անցկացնելու համար չէ եկեղեցու բակ եկել, այլ օրվա ապրուստի։ Երեք երեխաներին մեծացրել է՝ հող փորելով, խոտ հավաքելով, գյուղի գործերում այլ մարդկանց օգնելով։ Սկզբում 7 տարեկան տղային է մի քանի կապ դեղաբույս տվել եւ եկեղեցու բակ ուղարկել։ Տեսնելով, որ երեխան ամեն օր «դատարկ» է տուն գալիս, ոգեւորվել է։
«Շատ ուրախացա, մանավանդ որ կարիք ունեինք։ Հետո ես սկսեցի նստել էստեղ, տեսա՝ ստացվում է։ Հետո անցա գործվածքներին։ Ինքնուրույն փափուճ գործել սովորեցի, տեսականին ավելացրի։ Արդեն 5 տարի է՝ նաեւ հուշանվերներ եմ վաճառում։ Դրանք վերավաճառում եմ. մատչելի գնով տալիս են, ես էլ ծախում եմ, օգուտս մեծ է դրանից»,- ոգեւորված պատմում է Նունեն։
Դեղաբույսերից ամենալավը ուրցն է վաճառվում, հուշանվերներից՝ Հաղպատավանքի նկարով մագնիսը։ Իսկ թե ինչպես են օտաերկրացիներին ներկայացնում հայկական բույսերի օգտակար հատկությունները, ասում են՝ հիմնականում զբոսավարներն են օգնում։ Անգլերեն ու ռուսերեն գիտեն այնքան, որ կարողանում են իրենց ապրանքը վաճառել։ Եթե գումարը մեծ է, գրում են թղթի վրա եւ ցույց տալիս գնորդին։ Իսկ փոքր թվերը բոլորն անգիր գիտեն՝ ուան թաուզընդ, թու թաուզընդ, ֆայվ հանդրիդ։
Օտար լեզու չիմանալուց վաղուց արդեն չեն ամաչում, ասում են առեւտուր անող կանայք, որովհետեւ զբոսաշրջիկներն իրենց սխալ խոսելու վրա չեն ծիծաղում, հակառակը՝ ուղղում են իրենց։
Հիմա բոլորն անհամբերությամբ սահմանների բացվելուն են սպասում, որ օտարերկրյա զբոսաշրջիկները կրկին Հաղպատ գան։ Ուզում են նաեւ, որ առեւտրի իրենց տարածքներն ինչ-որ կերպ բարեկարգվեն, նույն տեսքն ունենան, թույլատրելիի սահմաններում ծածկ կառուցվի, որպեսզի իրենց հարմարավետությունից բացի տարածքը աչքի համար հաճելի լինի․ չէ՞ որ օտարներն այստեղից հիշողություն են տանում՝ լավ վերաբերմունքի, հյուրընկալության, գեղեցիկ բնության, մաքուր ու բարեկարգ միջավայրի։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։