Հայրենական փորձագետների մի խմբակ տարիներ առաջ մտասեւեռված էր Երեւանում Չինաստանի դեսպանատան նոր շենքի «գաղտնիքի» վրա: Համաշխարհային առաջնորդության ձգտող երկիրն ինչո՞ւ է ծավալուն շինարարություն իրականացնում՝ փորձելով գերազանցել ԱՄՆ-ին: Պատասխանը մեկն էր՝ Չինաստանը մեր երկրի համար «կարեւոր դերակատարում է նախատեսում»:
Ո՞ր հարցում, ոչ ոք հստակություն չէր մտցնում: Պարզապես ցանկալի, գուցե թե «պահանջված էր» աշխարհաքաղաքական զարգացումները կանխատեսել այնպես, որ ԱՄՆ-ի մրցակից Չինաստանը եւ ԱՄՆ-ի թշնամի Իրանը Հայաստանի ուղղությամբ «գնում են ճեղքման»:
Նույն շրջանակներն այսօր վերջին բառերով պախարակում են Չինաստանին, որի դեսպանը, պարզվում է, ոչ միայն Իլհամ Ալիեւի «դիմակահանդեսի» մասնակիցն է դարձել Շուշիում, այլեւ այն անվանել է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, որ զբոսաշրջային մեծ ներուժ ունի»:
Կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է առհասարակ, բայց երբ ակնհայտը չտեսնելու է տրվում, դառնում է վտանգավոր:
Իրողություն է, որ Չինաստանը թյուրքական աշխարհի հետ կապված է ույղուրական «գետտո»-ի պորտալարով, եւ միջազգային քաղաքականության առանցքային դերակատարի հայտ ներկայացրած՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկ անգամ չէ, որ Պեկինին սուր քննադատել է Սինցզյան-ույղուրական ինքնավարությունում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար:
Անցյալ ամիս Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում Չինաստանի հասցեին կոշտ ձեւակերպումներում ույղուրների եւ Թայվանի նկատմամբ Պեկինի ձեռնարկումները նույնպես գնահատված են «սպառնալիք»:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Արեւելյան Ասիայում ունի սեփական հավակնությունները: Եվ ույղուրական խնդիրը Չինաստանի հետ հարաբերություններում նրա գլխավոր կռվանն է: Քաղաքականությունը մի վերացական բան չէ, կառուցվում է իրական հնարավորությունների վրա՝ սեփական շահի գործնականության խստագույն նկատառմամբ:
Եթե կա «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» մեծ նախագիծն իրականացնելու հարցում Թուրքիայի աջակցությունն ունենալու հնարավորություն, ապա Չինաստանն ինչո՞ւ պիտի այն բաց թողնի: Ո՞րն է այլընտրանքը: Մանավանդ երբ հընթացս կարգավորվում է նաեւ Սինցզյան-ույղուրական ինքնավարության նկատմամբ Թուրքիայի զգայունության հարցը: Քառասունչորսօրյա պատերազմից հազիվ մեկ ամիս անց Թուրքիայից առաջին ապրանքատար գնացքը հասել է Սինցզյան:
«Մայր Թուրքիան» այսպիսով ուղղակի կապ է հաստատել եւս մեկ «դստեր» հետ:
Բայց դա սկիզբն է միայն: Ո՛չ Չինաստանին է ձեռնտու խոշոր ծավալների ապրանքաշրջանառություն իրականացնելիս բախվել Կասպից ծովը հատելու դժվարությանը, ո՛չ Թուրքիային: Չինաստանին պետք է կայուն ցամաքային կապ միջերկրածովյան թուրքական նավահանգիստների հետ: Նույնը Թուրքիային է օդուջրի պես անհրաժեշտ՝ մտնելու Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրներ: Իսկ ցամաքային այդ հաղորդակցության աշխարհագրական «կոորդինատները» հատվում են Հայաստանի հարավում:
Ցարական Ռուսաստանում Սյունիքի պղնձահանքերի հումքը կամ կիսաֆաբրիկատ արտադրանքը բարձում էին ձիերին, ջորիներին, էշերին, հասցնում Շուշի, հետո ֆուրգոններով իջեցնում երկաթուղու Եվլախ կայարան: Համաշխարհային առաջին պատերազմից մի քանի տարի առաջ ռուս ինժեներները Եվլախ-Շուշի երկաթգիծ էին նախագծել, հողաշինական աշխատանքները մասամբ իրականացվել էին, որոշ հատվածներում նույնիսկ նեղաղուր գիծն էր կառուցվել, բայց ռազմաճակատում իրավիճակը ստիպել էր ամեն ինչ ապամոնտաժել եւ տեղափոխել երկրի եվրոպական մաս:
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ռազմաաշխարհաքաղաքական կանխատեսումն արդեն այլ էր, եւ երկաթուղին Եվլախից ձգվել է դեպի Արաքսի հովիտ, հատել Մեղրին եւ Երեւանը երկրորդ գծով կապել Մոսկվայի հետ: Նոր սերնդի հայ լրագրող-«միջազգայնագետները» հազիվ թե գիտեն, որ Խորհրդային Հայաստանի ղեկավարը, որպեսզի Մոսկվա մեկներ, Երեւանից գնացք էր նստում, հասնում Թիֆլիս, հետո՝ Բաքու, այնուհետեւ՝ Ռոստով… Եվ ճամփորդությունը տեւում էր երեք-չորս օր, մինչեւ կկառուցվեր այսպես կոչված աբխազական գիծը, որը ներկայումս փակ է: Եվ Հայաստանն, ինչպես ցարական ու խորհրդային ժամանակներում էր, մնում է տարածաշրջանի «կույր աղիք»:
Չինաստանի դեսպանը Շուշիում էր, որովհետեւ քառասունչորսօրյա պատերազմը ոչ թե ինչ-որ Զանգելանի կամ Կուբաթլուի, այլ Մեղրիի համար էր, «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» մե՜ծ, վիթխարի՜ աշխարհաքաղաքական նախագծի, որի հիմնական շահառուն Պեկինն է:
Իսկ մոտակա երկու-երեք տասնամյակում թյուրքական աշխարհը կդառնա համաշխարհային քաղաքականության առանձին բեւեռ: Այն արդեն քարտեզագրված, ռազմատնտեսական ներուժով ծրագրավորված է: Գերխնդիր է, թե ում գործընկերն է լինելու «Մեծ Թուրանը»:
Քաղաքակրթական, արեւելաքրիստոնեության, ուղղափառ Կոստանդնուպոլսի շուրջ ինչ-որ նախագծումների մասին փորձագիտական դատողությունները միայն դրանց հեղինակների «հացի խնդիրն» են լուծում: Իրական քաղաքականությունը խմորվում է բոլորովին այլ մակարդակներում եւ ունի չափազանց պրագմատիկ չափորոշիչներ: Եվ «Մեծ Թուրանն» այդ հաշվարկներում արդեն իսկ չափագրված է:
Դա չի լինի մնացյալ աշխարհին կամք թելադրող «իմպերիա», բայց այնքան հեղինակություն կունենա, որ նրա հետ հաշվի կնստեն թե Արեւմուտքը, թե նույնիսկ հավաքական Արեւելքը: Եթե, իհարկե, ռուս-չինական դաշնակցությունը կայանա:
Այս հեռանկարում Շուշիի «դիմակահանդեսը» մեծ ներկայացման հայտագիր է, որից եթե հետեւություն արվելու է, ապա՝ միայն մի նպատակադրվածությամբ. իրականության մեջ ո՞րն է Հայաստանի տեղը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Արցախի իրավաքաղաքական ապագան տեսնել: Մնացածը վաղուց ձանձրալի դարձած երեւակայապաշտություն է:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։