ՌԴ խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները եւ խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մարդասիրական-բժշկական ակցիա են կազմակերպել Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, որտեղ փախստականների 68 ընտանիք է բնակվում. նրանցից ավելի քան 20-ը բազմազավակ են:
Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդը հայտնել է, որ կենտրոնի սպաները ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների կողմից մոտ 2 տոննա դեղորայք են փոխանցել տեղի հիվանդանոցին: Բժիշկները խորհրդատվական եւ որակավորված բուժօգնություն են ցուցաբերել բնակիչներին։
Վանքում մոտ 1400 տեղաբնակ եւ 160 փախստական կան: Վանքի գյուղխորհրդի փոխնախագահ Սերգեյ Բաղրամյանը հայտնել է, որ գյուղում բժիշկների կարիքը շատ է զգացվում. գյուղի հիվանդանոցում բժիշկներ չկան, միայն բուժքույրեր են։
Ըստ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության՝ մարդասիրական ակցիայի շրջանակում ընդհանուր առմամբ չորս տոննա բեռ է փոխանցվել։