Թուրքական «Գալաթասարայ» ակումբի ֆուտբոլիստներին թույլ չեն տվել մուտք գործել Հունաստան՝ Աթենքի «Էլեֆտերիոս Վենիզելոս» միջազգային օդանավակայանում կորոնավիրուսի թեստ հանձնելուց հրաժարվելու պատճառով:
Այսպիսով՝ «Օլիմպիակոս»-«Գալաթասարայ» ընկերական հանդիպումը չի անցկացվել, թեեւ այն նախապես հաստատված է եղել Հունաստան մուտք գործելու արձանագրությամբ՝ որպես միջազգային միջոցառում։
Հունաստանի քաղաքացիական պաշտպանության եւ հակաճգնաժամային կառավարման փոխնախարար Նիկոս Հարդալիասը հայտարարել է, որ «Գալաթասարայ» թիմի մուտքի համար կիրառվել է օրենքով սահմանված իր համապատասխան կարգադրությունը:
Ըստ փոխնախարարի՝ Հունաստան մուտք գործող բոլոր ճանապարհորդները, անկախ քաղաքացիությունից եւ երկիր մուտք գործելու եղանակից, ենթակա են ՊՇՌ մեթոդով լաբորատոր հսկողության կամ թեստի՝ Քովիդ-19 կորոնավիրուսի հակածինը արագ հայտնաբերելու համար:
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունն ակտիվացրել է իր մեխանիզմը՝ լրացուցիչ բրիգադներ ներգրավելով՝ թուրքական թիմին չուշացնելու համար, սակայն նրանք հրաժարվել են էքսպրես-թեստ անցնելուց:
Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ Հարդալիասը հրահանգել է թույլ չտալ թուրք ֆուտբոլիստներին մուտք գործել Հունաստան։