ՀՀ Կառավարության որոշմամբ պղնձի, մոլիբդենի խտանյութի արտահանման տուրքը բարձրացել է։
Որոշումը հիմնավորվել է նրանով, որ միջազգային շուկայում պղնձի ու մոլիբդենի գինն էականորեն աճել է՝ ներկայում հասնելով 9225 դոլարի։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդգծել է, որ անգամ եթե պղնձի գինը կազմի 7500 դոլար, ու պետական տուրքը վճարվի, միեւնույնն է, ոլորտը կշարունակի մնալ շահութաբեր։
Տուրքը սահմանվել է 15 տոկոս՝ ըստ Լոնդոնի մետաղական բորսայում պղնձի ու մոլիբդենի խտանյութի գնի։ Ակնկալվում է, որ այս որոշման շնորհիվ բյուջե կմուտքագրվի տարեկան 72 միլիարդ դրամ ավելի եկամուտ՝ այս տարվա 30-35 միլիարդ դրամի փոխարեն։
Կառավարությունը միեւնույն ժամանակ շեշտել է, որ եթե պղնձի գինը 7500 դոլարից նվազի, տուրքը նսւյնպես կնվազի։
Իբրեւ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի երկարաժամկետ նպատակ՝ Կառավարությունը նշել է նաեւ ինքնիշխան հարստության ֆոնդի ստեղծումը, որտեղ կգոյանա ընդերքի շահագործումից ստացվող եկամուտը։
Համապաստախան նախագիծը քննարկվելու է նաեւ խորհրդարանում։
Պղնձի խտանյութի արտադրությունը վերջին մի քանի տարում աճ է արձանագրում։ Նախորդ տարի արտադրվել է 511 հազար տոննա պղինձ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը համարվում է պղնձի ու մոլիբդենի հիմնական արտադրողն ու արտահանողը, բացի դրանից՝ գործում է նաեւ պղնձամոլիբդենային 7 հանքավայր։