«Թալիբան» արմատական շարժումը Աֆղանստանի TV1 հեռուստաալիքի եթերում նախազգուշացրել է, որ կգրոհի թուրքական ուժերի վրա, եթե դրանք մնան Աֆղանստանի տարածքում:
Մեկ ամիս առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության դեպքում Թուրքիան պատրաստ է պահպանելու իր զորակազմը Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո։
«Աֆղանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելով եւ նրանց ազգային շահերին հակասելով՝ թուրքական ղեկավարությունը չկշռադատված որոշում է ընդունել։ Օտարերկյա զորքերի անվան տակ եւ առհասարակ ցանկացած պատրվակով Աֆղանստանի տարածքում մնալը շարժումը կդիտի որպես բռնակցում եւ կպայքարի զավթիչների դեմ»,- մասնավորապես ասված է թալիբների հայտարարության մեջ:
Թալիբները Թուրքիայի ղեկավարությանը հորդորել են հրաժարվել երկու երկրների մահմեդական ժողովուրդների միջեւ խնդիրներ ստեղծող որոշումից՝ ընդգծելով, որ եթե թուրք պաշտոնատար անձինք չվերանայեն որոշումը, «Թալիբանի» կողմնակիցները դուրս կգան Աֆղանստանում թուրքական ուժերի դեմ:
Թալիբները զգուշացրել են, որ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, ովքեր միջամտում են ուրիշի գործերին եւ նման չկշռադատված որոշումներ են ընդունում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 14-ին հայտարարել էր Աֆղանստանում առաքելությունն ավարտելու մասին: Սպիտակ տունը հույս ունի, որ ամերիկյան զորքերի՝ մայիսին մեկնարկած դուրսբերումը կավարտվի օգոստոսի վերջին:
Անցյալ շաբաթ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները 90 տոկոսով ավարտել է Աֆղանստանից զորակազմի դուրսբերման գործընթացը։