Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն խորհրդարանում հայտարարել է, որ զանգվածաբար Լիտվա թափանցած ազգությամբ բելառուս անօրինական ներգաղթյալներին Բելառուսին հանձնելու մեխանիզմն անարդյունավետ է, ուստի այլեւս չի կիրառվելու:
Նա հավելել է, որ Բելառուսի իշխանությունների հրահանգները կատարելով՝ այդ երկրի սահմանապահ ծառայությունը քողարկում է անօրինական ներգաղթը:
Լիտվայի վարչապետը նշել է, որ նախկինում սահմանն ապօրինի հատածներին, որոշակի ընթացակարգերի համապատասխան, հանձնում էին Բելառուսին: Սակայն, ըստ նրա, այդ ընթացակարգերն այժմ չեն գործում:
«Այդպիսին է [Լուկաշենկոյի] ռեժիմի գիտակցական ընտրությունը: Սահմանապահները հսկիչ գոտուց նույնիսկ վերացնում են անօրինական ներգաղթյալների հետքերը, որպեսզի անհնար լինի պարզել՝ որտեղից են եկել այդ մարդիկ, դրա համար պարզապես անհնար է անօրինական ներգաղթյալներին վերադարձնել»,- ընդգծել է երկրի վարչապետը:
Տարվա սկզբից Լիտվայի եւ Բելառուսի սահմանին ձերբակալվել են 1732 անօրինական ներգաղթյալներ՝ հիմնականում Ասիայի երկրներից, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21,4 անգամ ավելի է: Լիտվայի կառավարությունը հուլիսի 2-ին արտակարգ դրություն էր հայտարարել երկրում:
Մայիսի վերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե իր երկիրը խոչընդոտ էր հարեւան երկիր թմրանյութերի եւ անօրինական ներգաղթյալների փոխադրման համար:
Սակայն նկատի ունենալով Արեւմուտքի քաղաքական ճնշումները՝ Մինսկը ստիպված է մտածել՝ արժե՞ արդյոք շարունակել խոչընդոտ լինել: