ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ արտգործնախարարություն են հրավիրվել մի շարք երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից հուլիսի 9-10-ը Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ։
Դեսպաններին են փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ մասնավորապես նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, դրանց թվում՝ Հադրութ եւ Արցախի պատմական կենտրոն Շուշի, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ եւ զանգվածային ոճրագործություններ։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանությունները նման միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան եւ ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները։
ՀՀ ԱԳՆ-ն ընդգծել է, թե բոլոր հանդիպումների ընթացքում շեշտվել է, որ դիվանագիտական ներկայացուցիչների ներգրավումը նմանօրինակ այցելություններին հակասում է Հայաստանի Հանրապետության եւ տվյալ երկրների միջեւ ձեւավորված համագործակցության ոգուն, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը։
Այս տեսակետից Հայաստանը հաստատակամորեն կոչ է արել ձեռնպահ մնալու ցանկացած գործողությունից, որը կարող է արդարացնել ուժի կիրառումը եւ դրանով իսկ խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։
«Ուժի կիրառումը եւ զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաեւ քայլեր է նախաձեռնել՝ Հայաստանի Հանրապետության վերոնշյալ դիրքորոշումը հասցնելու համար այն երկրների համապատասխան մայրաքաղաքներին, որոնք իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանում հավատարմագրել են համատեղության կարգով։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը եւս հայտարարություն է տարածել, որում խստագույնս դատապարտել է «2021 թվականի հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի»։