Սահմանադրական դատարանը որոշել է հետաձգել քաղաքական ուժերի որոշ միջնորդությունների քննարկումը, միջնորդությունների մի մասն էլ դատարանը մերժել է:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ներկայացրել է դատարանի որոշումը միջնորդությունների վերաբերյալ: Դատարանը մասնավորապես որոշել է մերժել «Զարթոնք» կուսակցության եւ «Պատիվ ունեմ» դաշինքի միջնորդությունները:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի ներկայացրած միջնորդությունների մի մասը մերժվել է, մի մասը՝ հետաձգվել: Ընտրություններին մասնակցած զինծառայողների քանակին վերաբերող միջնորդությունը դատարանը որոշել է հետաձգել:
Դիլանյանը նշել է, որ հանրապետության նախագահին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը ՍԴ-ն չի քննարկել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բովանդակային առումով այդ միջնորդությանը անդրադարձել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կատարած միջնորդության շրջանակում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որպես պատասխանող կողմ, ներկայացրել է որոշ միջնորդությունների վերաբերյալ դիտարկումները:
«Կան միջնորդություններ, որոնց առնչությամբ պետք է պարզ լինի՝ հնարավո՞ր է բավարարման պայմաններում այդ միջնորդության պահանջները կատարել: Օրինակ` միջնորդություններից մեկը վերաբերում էր բոլոր ընտրողների` ՀՀ-ից դուրս գալու եւ մուտք գործելու հանգամանքը ստուգելուն: Որեւէ խնդիր չկա, էլեկտրոնային սարքերից ստացված տեղեկությունը կարող է տրամադրվել, բայց արդյո՞ք այդ բազաները կլինեն համադրելի, հնարավոր կլինի՞ դա, քանի որ տարբեր ծրագրային ապահովումներ կարող են լինել: Հետեւաբար նման հարցերում անհրաժեշտություն կա ճշտելու, որ հետո չպարզվի՝ իրականում միջնորդությունը բավարարվեց, բայց տեխնիկապես անհնար է նման միջնորդությունների իրականացումը»,- նշել է Մուկուչյանը:
Իրենց դիտարկումներն են ներկայացրել նաեւ երրորդ անձի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները:
Այնուհետեւ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, որ ՍԴ նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով, որպեսզի դատարանը կողմերի հետ քննարկի դռնփակ դատական նիստ անցկացնելու հարցը եւ խորհրդակցական սենյակ հեռանա՝ որոշում կայացնելու։
Դիլանյանը շեշտել է, որ ըստ օրենքի՝ դռնփակ անցկացնելու հարցը քննարկվում է հենց դռնփակ ռեժիմով:
Նշենք, որ արդեն 5-րդ օրն է՝ ՍԴ-ն քննում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները։