Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Նրանք քննարկել են ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հարցեր:
Օվերչուկը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ ընդգրկված է ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերը համակարգող աշխատանքային խմբում: Օվերչուկը Ալիեւին է ներկայացրել եռակողմ հանդիպումների վերաբերյալ ռուսական կողմի նոր առաջարկները:
Օվերչուկն ու Ալիեւը քննարկել են նաեւ սահմանային անցակետերի աշխատանքը, նշել առեւտրաշրջանառության եւ Ադրբեջանից Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աճի փաստը, զրուցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:
Այս ուղեւորության շրջանակում նախատեսվում է Ռուսաստանի փոխվարչապետի այցը նաեւ Երեւան: