Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը հայտնել է, որ Հայաստանից 2021-ի հունիսին Վրաստան է մուտք գործել 13342 այցելու: Դա 68,7%-ով ավելի է 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ. 2020-ի հունիսին Հայաստանից Վրաստան էր մեկնել 7909, 2019-ին՝ 105582 քաղաքացի։
Հայաստանից Վրաստան այցելած քաղաքացիների թիվը զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ հունիսի 1-ից երկիրը բացել է նաեւ ցամաքային սահմանները։
Վրաստան այցելողների թվով Հայաստանը 5-րդ տեղում է՝ 2021-ի հունիսի տվյալներով: Հնգյակում են նաեւ Թուրքիան, Իսրայելը, Ուկրաինան, Ռուսաստանը։
Առաջին կես տարում Հայաստանից Վրաստան այցելած քաղաքացիների թիվը, ընդհանուր առմամբ, 46852 է։ Դա գրեթե 11 անգամ պակաս է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ եւ 4,3 անգամ պակաս՝ 2020-ի ցուցանիշից:
2019-ի առաջին վեց ամիսներին Հայաստանից Վրաստան է այցելել 530992 մարդ։ 2020-ին այդ թիվը եղել է 205450։
Վրաստանը ՀՀ քաղաքացիների համար ցամաքային սահմանները բացել է 2021-ի հունիսի 1-ին։ Փետրվարի 1-ին բացվել էին օդային սահմանները։
Այս պահին երկիր մուտք գործելիս լրացնում եւ տրամադրում են պաշտոնական registration.gov.ge կայքում տեղադրված հարցաթերթիկը։
Սահմանի հատումը հնարավոր է միայն առավելագույնը վերջին 72 ժամվա ընթացքում ստացված ՊՇՌ-թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում: Դա վերաբերում է նաեւ նրանց, ովքեր չեն մնալու Վրաստանում, այլ Ռուսաստանից ցամաքային ճանապարհով գալիս են Հայաստան։ Եթե քաղաքացին մնում է Վրաստանում, երրորդ օրը պարտավոր է կրկին ՔՈՎԻԴ-19-ի թեստ հանձնել։ Պատվաստումից ազատված են մինչեւ 10 տարեկան քաղաքացիները։