Թուրքիայում Հունաստանի դեսպան Միքայել-Քրիստոս Դիամեսիսը հրավիրվել է ԱԳՆ՝ ֆուտբոլային «Գալաթասարայ» ակումբի մարզիկների հանդեպ Աթենքի օդանավակայանում ցուցաբերված «խտրական եւ ոչ բարյացակամ» վերաբերմունքի պատճառով։
Ըստ թուրքկաան Anadolu գործակալության՝ Աթենքի Էլեֆտերիոս Վենիզելոսի անվան միջազգային օդանավակայանում հերթապահող սահմանապահները նախօրեին հրաժարվել էին ճանաչել թուրքական ակումբի ֆուտբոլիստների ներկայացրած կորոնավիրուսի թեստերի վավերականությունը:
Հույն սահմանապահները հունական ամենահեղինակավոր թիմերից մեկի՝ «Օլիմպիակոս»-ի հետ ընկերական հանդիպմանը մասնակցելու նպատակով Աթենք ժամանած թուրք մարզիկներից պահանջել էին լրացուցիչ ստուգում անցնել Հունաստանի տարածքում՝ նոր թեստ հանձնելով:
«Գալաթասարայ» ակումբի ղեկավարները հրաժարվել են պահանջը կատարելուց, եւ թուրք ֆուտբոլիստնները նույն օդանավով ստիպված վերադարձել են Ստամբուլ։