Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է, թե Երեւանը պատրաստ չէ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը:
Ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սպասում է խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ Երեւանի դրական պատասխանին:
Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ՝ բանակի բարձրաստիճան սպաների հետ հանդիպմանը, Ալիեւը նշել է, թե ինքը մի քանի անգամ ասել է, որ Բաքուն պատրաստ է Երեւանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը: Սակայն, Ալիեւի պնդմամբ, Հայաստանից ոչ մի արձագանք չի եղել:
«Ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացել եմ, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Ըստ իս՝ դա կոպիտ սխալ էր: Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ժամանակ հայկական կողմը կոպիտ սխալներ թույլ տվեց եւ ռազմական հանցագործությունների դիմեց: Իսկ սա կարող է հաջորդ կոպիտ սխալը լինել»,- շեշտել է Իլհամ Ալիեւը ԼՂ վերջին պատերազմի ժամանակ զոհվածների հարազատների հետ հանդիպմանը:
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ հակամարտությունն արդեն լուծված է, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի:
«Պետք է ճանաչենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները, անհրաժեշտ է սկսել սահմանազատման աշխատանքները»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ միջազգային կազմակերպություները դրականորեն են արձագանքում սահմանագծման աշխատանքին: Նա նշել է, որ եթե Հայաստանը չի ցանկանում դա անել, թող չանի, բայց պետք է լավ մտածի, հակառակ դեպքում հետո կարող է ուշ լինել: