ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Երասխ բնակավայրին հարող տարածքում ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները, որոնց հետեւանքով դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:
Նախարարությունն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության դեմ կատարված այս ոտնձգությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում է:
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումից հետո տեղի ունեցած այս սադրիչ գործողություններն ակնհայտորեն վկայում են, որ պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Արտգործնախարարությունը շեշտել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի իշխանությունների վրա է: