Միացյալ Արաբական Էմիրությունները դարձել է Պարսից ծոցի առաջին երկիրը, որը պաշտոնապես դեսպանություն է բացել Իսրայելում:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ հուլիսի 14-ին Թել Ավիվում ԱՄԷ-ի դեսպանատան բացման արարողությանը ներկա է եղել նաեւ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը:
Դեսպան Մոհամեդ Ալ Խաջան նշել է, որ հարաբերությունների կարգավորումից հետո առաջին անգամ քննարկումներ են սկսվել առեւտրային ու ներդրումային հնարավորությունների շուրջ:
«Մենք տնտեսական, օդային հաղորդակցության, տեխնոլոգիաների եւ մշակույթի ոլորտներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր ենք կնքել»,- շեշտել է Իսրայելում ԱՄԷ-ի նորանշանակ դեսպանը:
Իսրայելի նախագահ Հերցոգը դեսպանատան բացումն անվանել է Մերձավոր Արեւելքում խաղաղության, բարգավաճման եւ անվտանգության հաստատմանն ուղղված կարեւորագույն քայլը:
Նախորդ ամիս էլ Աբու Դաբիում բացվել էր ԱՄԷ-ում Իսրայելի դեսպանատունը, իսկ Դուբայում՝ հյուպատոսարանը: