Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայ անձանց: Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ վիճակագրական տվյալ ԿԽՄԿ-ն չի հրապարակում:
Ըստ «Լուրերի»՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշել է, որ որպես չեզոք միջնորդ՝ շարունակում են պարբերական այցերը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց:
Նա ասել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչների հերթական այցը Ադրբեջանում հայ գերեվարված անձանց տեղի է ունեցել հունիսի վերջին, հուլիսի սկզբին:
Ամատունին ընդգծել է, որ այցելել են հատկապես այն անձանց, որոնց գերեվարումը պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից:
«Այս այցերի շրջանակում եւս հնարավորություն է տրվել բոլոր գերեվարված հայերին տեսաուղերձներ ձայնագրելու իրենց ընտանիքների համար, ինչպես նաեւ կատարելու հեռախոսազանգեր, օգտվելու նաեւ նամակներ գրելու հնարավորությունից»,- հայտնել է Զառա Ամատունին:
Հուլիսի 3-ին 15 հայ գերիների վերադարձից հետո Ադրբեջանն այժմ հաստատում է 45 անձի գերության փաստը: