Հայաստանի ամենամեծ փոքր հիդրոէլեկտրակայանին` «ՁորաՀԷԿ»-ին տիրանալու եւ գերշահույթ ստանալու խարդախության կծիկին առանձին մասնագետներ ու քաղհասարակության ներկայացուցիչներ բազմիցս են ուշադրություն հրավիրել, սակայն միայն բոլորովին վերջերս գլխավոր դատախազությունը հանձն առավ բազմակողմանիորեն ուսումնասիրել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացը ու պարզեց, որ «բարձր եկամտաբերությամբ, մոտ 12 մլրդ դրամ շուկայական արժեքով ՀԷԿ-ը առերեւույթ հանցավոր մեխանիզմներով օտարվել է մոտ 4 անգամ ցածր գնով»:
Մինչ խարդախության մանրամասներին անցնելը՝ մի փոքր «ՁորաՀԷԿ»-ի առաձնահատկությունների մասին:
«ՁորաՀԷկ»-ն ինքնին ունիկալ կառույց է ոչ միայն Հայաստանում, այլեւ նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքում: Այն կառուցվել է 1932 թվականին, շահագործվել՝ 1933-ին, ինժեներական յուրահատուկ լուծումների շնորհիվ թանգարանային նմուշ է: ՀԷԿ-ի ճնշումային խողովակի դեր է կատարում ժայռափոր թեք թունելը, որտեղով ջուրը գահավիժում է դեպի գեներատորներ: Այսինքն՝ ջրի անկումն արված է ռելիեֆի հաշվին: Եզակի մոտեցմամբ է կառուցված նաեւ պատվարը, որը խողովակի տեսքով է եւ ստեղծված է ջուրը դեպի թունել ուղղելու համար, միակ ՀԷԿ-ն է Հայաստանում, որ նման պատվար ունի:
Սակայն խորհրդային ինժեներները չեն կարեւորել գետի էկոհամակարգի գոյության պայմանները: «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն, գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման եւ փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին աջակցելու նպատակ հետապնդող ծրագրի շրջանակում «ՁորաՀԷԿ»-ում իրականացրած փորձագիտական հետազոտության արդյունքում պարզել է, որ ՀԷԿ-ի գլխամասային հատվածում բնապահպանական թողքի ու ձկնանցարանի առկայության ինժեներատեխնիկական լուծումները բացակայում են, այսինքն՝ ձվադրման նպատակով ձկների անարգել տեղաշարժը դեպի գետի վերին հոսանքներ անհնար է, ապահովված չէ նաեւ գետի ջրի բնապահպանական ելքը: Հետազոտության ժամանակ ձկնապաշտպան ցանցը բացակայել է նաեւ գլխամասում: Առկա են եղել միայն աղբորսիչ ճաղավանդակներ՝ 8 սմ եւ ավելի միջճեղքային հեռավորությամբ, որոնց միջով Ձորագետում բնակվող գրեթե բոլոր ձկները կարող են հայտնվել ճնշումային խողովակաշարում եւ ոչնչանալ:
Խորհրդային տարիների էներգետիկ ոլորտի ինժեներական այս թանգարանային նմուշը, սակայն, առավել աչքի է ընկնում խարդախության յուրահատուկ պատմությամբ:
Գլխավոր դատախազությունը սույն թվականի մայիսին պարզել է, որ ՀՀ Կառավարության 2001 թվականի մայիսի համապատասխան որոշմամբ ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի կազմից ավելի քան 2 մլրդ կանոնադրական կապիտալով «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2002 թվականի հունվարին վերապահվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը, այնուհետև, որպես շահույթ չապահովող անպիտան կառույց, օտարվել:
Միաժամանակ դատախազությունը պարզել է, որ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն գործել է շահույթով՝ 2006-2010 թվականներին առաքելով շուրջ 251 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից ՀՀ պաշտպանության նախարարությանը զուտ շահույթից փոխանցվել է 1,252 մլրդ դրամ շահութաբաժին։
Դատախազության հաղորդմամբ, առանց շահույթի աշխատող ընկերությունը՝ շուկայական արժեքից ավելի ցածր արժեքով վաճառելու համար հիմնավորումներ ստեղծելու դիտավորությամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, վերանայելով «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված էլեկտրաէներգիայի միավորի սակագինը, 2009-ի ապրիլի 1-ից 13.92 դրամի փոխարեն (առանց ԱԱՀ-ի) սահմանել է ակնհայտ էժան՝ 2.745 դրամ սակագին: Այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի միավորի ինքնարժեքը այդ պահին կազմել է 4.383 դրամ: Այդ կերպ փաստացի շուրջ մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթ ստանալու հնարավորությունից։
Հաջորդ տարի՝ 2010-ին, այլեւս շահույթով չաշխատող ընկերությունը մասնավորեցվել է. Կառավարությունը 2010 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ պաշտպանության նախարարությանը թույլատրել է 3 մլրդ 600 մլն դրամ արժեքով օտարել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող գույքը ընդամենը երկու ամիս գործող «Ձորագետ Հիդրո» ՍՊ-ին: Գործարքից հետո՝ 2011-2018 թվականներին, ՀԷԿ-ն արտադրել է շուրջ 700 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից հասույթը ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 14 մլրդ դրամ:
Օտարումից անմիջապես հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷԿ-ի համար 10.5 դրամ սակագին է սահմանվել (առանց ԱԱՀ-ի), իսկ մեկ տարի անց՝ գրեթե կրկնակի ավելի՝ 19.5 դրամ:
Սակագնի բարձրացումն իրականացվել է խարդախության մեկ այլ սխեմայով՝ «ՁորաՀԷԿ»-ին «Փոքր ՀԷԿ»-ի կարգավիճակ տալով:
Ինչպե՞ս:
Պաշտոնական տվյալներով Հայաստանում գործող 191 ՀԷԿ-երից միայն երկուսն են համարվում մեծ՝ «Սեւան-Հրազդան» կասկադը եւ Որոտանի կասկադը։ Մինչեւ 2011 թվականը, Հայաստանի գետերի ջրաբանական ու ձեւաբանական առանձնահատկությունները, ինչպես նաեւ միջազգային ստանդարտները հաշվի առնելով, Հայաստանի փոքր ՀԷԿ-երի առավելագույն շեմ էր հաստատված 10ՄՎտ հզորությունը: 2011-ին Կառավարության առաջարկով ԱԺ-ն փոփոխություն է անում օրենքում, որի շնորհիվ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոքր ՀԷԿ-երի սահմանաչափը 10-ից բարձրացնում է 30 ՄՎտ-ի:
Համեմատության համար նշենք, որ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային Կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրությամբ փոքր ՀԷԿ-երի վերին սահմանը մինչեւ 10 ՄՎտ-ն է համարվում, որոշ երկրներում այդ սահմանը հասնում է մինչեւ 12-ի, առավելագույնը՝ 15 ՄՎտ-ի:
Այսպիսով՝ փոքր ՀԷԿ-ի կարգավիճակ է ստանում նաեւ ամենաջրառատ գետի՝ Դեբեդի խոշոր վտակի վրա գործող մոտ 25 ՄՎտ հզորությամբ «ՁորաՀԷԿ»-ը, որը կրկնակի ու եռակի փոքր հզորություն ունեցող ՀԷԿ-երի հետ հավասարապես սկսում է օգտվել պետության ընձեռած արտոնություններից՝ արտադրած էլեկտրաէներգիան մի քանի անգամ թանկ վաճառելու հնարավորությունից։
Փոքր ՀԷԿ-երի հզորության շեմը բարձրացնելու որոշումն այն ժամանակ հիմնավորվում է էներգետիկ անվտանգության ապահովման նկատառումներով՝ խրախուսելու համար նման հզորության ՀԷԿ-երի կառուցումը: Սակայն նման հզորության ՀԷԿ կառուցելու նախագիծ մինչ օրս չի շրջանառվել: Նման հզորության գետ էլ չկար. Հայաստանի 3 ամենաջրառատ գետերը 60 եւ ավելի հզորություն ունեն: Մնում էր միայն Ձորագետը:
Այս վերաձեւակերպումը փաստորեն հնարավորություն է տալիս խարդախությունն օրինականացնելու միջոցով հեշտությամբ բարձրացնելու «ՁորաՀԷԿ»-ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքի արժեքը: Եթե, օրինակ, ի սկզբանե այս խարդախությունը պլանավորված չլիներ, ապա որոշումը կարող էր վերաբերել միայն նոր կառուցվողներին, ոչ թե արդեն իսկ գործող ՀԷԿ-երին:
Պետական գույքի կառավարման վարչությունից դատախազությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի շուկայական արժեքը 2010 թվականի դեկտեմբերի դրությամբ կկազմեր շուրջ 8 մլրդ, իսկ 2018-ի դեկտեմբերի դրությամբ՝ շուրջ 12 մլրդ դրամ: Ինչը նշանակում է, որ բարձր եկամտաբերությամբ պետական գույքն օտարվել է քառակի էժան գնով: Նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
«ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնց հիման վրա այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին եւ նրա տեղակալներ Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին եւ Մուշեղ Կոշեցյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Հիշյալ 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, եւ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայության կայքէջից, որտեղ նաեւ ծանուցում կա առ այն, որ «ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Քրեական գործով մասնավորապես պարզվել է, որ «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարումից հետո «Ձորագետ Հիդրո» ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված եւ առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար, անհիմն սահմանված կրկնակի գերազանցող սակագների շնորհիվ, 2012-2019 թվականների ընթացքում ընկերությունը ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից հավելյալ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 7մլրդ ՀՀ դրամ գումար:
Առհասարակ նման դեպքերում հայտարարվում է, որ վնաս է կրել պետությունը, բայց իրականում, ինչպես վերեւում նշեցինք, ակնհայտ է, որ վնաս են կրել էլեկտրաէներգիայի վերջնական սպառողները, առաջին հերթին՝ բնակիչները, իսկ պետությունը գերշահույթից համապատասխան գերհարկեր է ստացել: Ակնհայտ է նաեւ, որ ի վերջո առաջ կգա վնասի փոխհատուցման խնդիր, բայց հարց է առաջանում, թե ո՛ւմ:
Այս առումով «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ փորձագետ Արամ Գաբրիելյանը հետեւյալ մոտեցումն ունի. հատուցումը պետք է տրվի վնաս կրողին: «Սա առաջին ու վերջին դեպքը չէ, բայց լավ օրինակ է, որ առաջ քաշվի խարդախությունների արդյունքում իրական տուժողի կորուստն ու վնասը հատուցելու հարցը: Ակնհայտ է, որ էլեկտրաէներգիայի վերջնական սպառողն է տուժել, ում համար սակագինը բարձրացել է, ուստի պետք է փոխհատուցումը տրվի վերջնական սպառողին»,- ասում է պարոն Գաբրիելյանը:
Նա առաջարկում է մեկնարկել իրական արդարադատության գործընթաց, որի համար, սակայն, պետք է ներդրվեն բնական իրավունքի վրա հենված համապատասխան նորարարական մեխանիզմներ ու գործիքներ։ Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ խարդախությանը օժանդակել են պետական կառավարման մարմինները։ Այլընտրանքային արդարադատության ձեւավորման որոշակի հնարավորություն տրված է «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության եւ արդարադատության մատչելիության վերաբերյալ» Օրհուսի կոնվենցիայով, որին Հայաստանը միացել է 2001 թվականից:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։