Երկարատեւ բանակցություններից հետո խոշոր ավիափոխադրողներից մեկը՝ գերմանական հանրահայտ «Lufthansa» ավիաընկերությունը, այս տարվա օգոստոսի 13-ից մուտք կգործի հայկական շուկա: ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտնել է, որ ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երեւան-Ֆրանկֆուրտ երթուղով՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:
Ֆրանկֆուրտից Երեւան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի եւ կիրակի, իսկ Երեւանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ:
«Lufthansa»-ն «Lufthansa» խմբի մի մասն է, որն արդեն իսկ մեծ ներկայություն ունի Հայաստանում: «Austrian» ավիաուղիները վերջին 20 տարվա ընթացքում չվերթեր է իրականացնում Վիեննայից Երեւան: «Brussels» ավիաուղիներն այժմ առաջարկում է շաբաթական 5 չվերթ Բրյուսելից Երեւան, «Eurowings» լոուքոսթերն էլ օգոստոսի 5-ից ուղիղ չվերթներ կիրականացնի Քյոլնից:
«Մենք՝ որպես «Lufthansa» խմբի ավիաուղիներ, ուրախ ենք Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մեր ներկայությունն ավելացնելու եւ մեր նոր՝ Երեւան-Ֆրանկֆուրտ ուղղությունը ներկայացնելու համար»,- նշել է Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի եւ Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:
Նա ընդգծել է, որ այս նոր միացումներով «Lufthansa» խումբը շուտով կառաջարկի շաբաթական մինչեւ 16 չվերթ Երեւանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն եւ Ֆրանկֆուրտ: