Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականը։
Ուկրաինայի ՆԳՆ-ն ավելի քան 7 տարի ղեկավարելուց հետո Արսեն Ավակովը երկուշաբթի՝ հուլիսի 12-ին, հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Հրաժարականի պատճառներն Ավակովը չի նշել՝ մատնանշելով միայն օրենքի այդ հոդվածը, որի հիման վրա լքում է զբաղեցրած պաշտոնը։
Հայազգի պետական եւ քաղաքական գործիչ, Բաքվում ծնված Արսեն Ավակովը 2005-2010 թվականներին եղել է Խարկովի մարզի նահանգապետ։ Ավակովը Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը ղեկավարում էր 2014-ի փետրվարի 27-ից։
Նա միակ ուժային նախարարն էր, որ 2019-ի գարնանը Վլադիմիր Զելենսկու նախագահ ընտրվելուց հետո շարունակեց պաշտոնավարումը։ Ավակովը ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է անընդմեջ՝ երկու նախագահների եւ չորս վարչապետների օրոք։
Ուկրաինական աղբյուրները նշել են, որ Արսեն Ավակովին ներքին գործերի նախարարի պաշտոնում կփոխարինի Գերագույն Ռադայի պատգամավոր, նախագահ Զելենսկու թիմակից Դենիս Մոնաստիրսկին։ «Ես հասկանում եմ, թե ինչ զոհողության են գնում՝ հավակնելով ներքին գործերի նախարարի պաշտոնին»,- Կիեւում լրագրողների հետ զրույցում ասել է Մոնաստիրսկին։