Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հղած իր ուղերձում հույս է հայտնել, որ չնայած անբարենպաստ անվտանգային միջավայրին` Հայաստանում կշարունակվեն ժողովրդավարական բարեփոխումները, եւ վստահեցրել է, որ Հայաստանն ու Նիդերլանդները կխորացնեն սերտ գործընկերությունը:
Մարկ Ռուտտեն ընդգծել է, որ Նիդերլանդները` որպես ժողովրդավարության եւ լավ կառավարման սկզբունքներին հավատարիմ երկիր, կշարունակի սատարել Հայաստանին բարեփոխումների գործում, հատկապես ժողովրդավարացման եւ իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Նա նշել է, որ կսերտացվի տնտեսական համագործակցությունը, մասնավորապես գյուղատնտեսության եւ ՏՏ ոլորտներում:
«Մեծապես կարեւորում եմ մեր գործակցությունը ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում եւ ակնկալում եմ, որ այս տարվա վերջին Արեւելյան գործընկերության արդյունավետ գագաթնաժողով կունենանք: Ես նաեւ բարձր եմ գնահատում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի շրջանակում մեր սերտ համագործակցությունը»,- շեշտել է Նիդերլանդների վարչապետը:
Նշելով, որ այս տարվա ապրիլին Փաշինյանի այցը Նիդերլանդներ հետաձգվել է համաճարակի պատճառով` Ռոտտեն ասել է, որ ակնկալում է նրան Նիդերլանդներում հյուրընկալել 2022-ին՝ երկու երկրների երեսնամյա դիվանագիտական հարաբերությունների հաջողությունները նշելու համար:
«Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում` ի շահ հայ ժողովրդի»,- եզրափակել է Նիդերլանդների վարչապետը: