ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի հուլիսի 12-ի նիստում հեռարձակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ միայն անկախության «A» միջազգային կարգավիճակ ունեցողների համար թույլատրելի տեսաուղերձը:
ՀՀ ՄԻՊ-ը տեսաուղերձում հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությունների արարքների եւ հրապարակային ուղերձների վերլուծությունն ապացուցում է ֆաշիզմի հասնող ռասիստական ինստիտուցիոնալ քաղաքականության առկայությունը:
Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանցի զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, գլխատելիս ոգեշնչվել են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով:
Հայաստանի ՄԻՊ-ի՝ ապացույցների վրա հիմնված զեկույցները հաստատում են, որ ներկայում այդ քաղաքականությունն արտացոլվում է Հայաստանի սահմանային գյուղերի հարեւանությամբ եւ Հայաստանի համայնքների միջեւ ճանապարհներին ապօրինի ներկա ադրբեջանական զինծառայողների արարքներում:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ ավելի քան 300 տեսանյութի համակողմանի վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից:
«Այս ամենը հաստատվել է սպանված հայերի մոմե կերպարների ու սաղավարտների, այսպես կոչված, «հաղթանակի ավար» պուրակի բացմամբ Ադրբեջանի մայրաքաղաքում: Այն շղթայված պատանդների պուրակ է: Մարդկային տառապանքների թանգարան է, թանգարան, որ ստեղծվել է ռասիզմը խթանելու համար»,- տեսաուղերձում շեշտել է Արման Թաթոյանը:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է՝ այս բոլոր փաստերը հաստատում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախի եւ Հայաստանի բնակչության դեմ: