Եվրոպական դատարանը հրապարակել է երկու մահմեդական կանանց՝ Գերմանիայում նրանց մահմեդական գլխաշորով՝ նիկաբով աշխատավայր ներկայանալ չթույլատրած գործատիրոջ դեմ հայցի վճիռը: Կանայք պնդել էին, որ գլխաշորն իրենց հավատի կարեւոր տարրն է:
Եվրամիության գերագույն դատական ատյանը վճռել է, որ որոշակի պայմաններում ընկերությունները կարող են աշխատող կանանց արգելել դեմքը փակել մահմեդական գլխաշորով:
Եվրադատարանը նշել է, որ աշխատավայրում քաղաքական, փիլիսոփայական կամ կրոնական համոզմունքի արտաքին դրսեւորման արգելքը կարող է պատճառաբանվել հաճախորդի նկատմամբ չեզոքություն ցուցաբերելու կամ սոցիալական վիճաբանությունից խուսափելու՝ գործատուի մտադրությամբ:
Դատարանն ընդգծել է, որ տվյալ հիմնավորումը պետք է համապատասխանի գործատուի իրական կարիքին, եւ վիճարկվող իրավունքների եւ շահերի համադրման ընթացքում ազգային դատարանները կարող են հաշվի առնել անդամ երկրին հատուկ ենթատեքստը, մասնավորապես կրոնի ազատության վերաբերյալ առավել մեղմ ազգային մոտեցումները:
Գերմանիայի խորհրդարանը դեռեւս 2017-ին է հավանություն տվել աշխատանքային ժամերին դեմքն ամբողջությամբ փակող հագուստ՝ նիկաբ կամ փարանջա կրելը մասնակիորեն արգելելու մասին օրինագծին, որը վերաբերում է պետական ծառայողներին, դատավորներին եւ զինվորականներին:
Շվեյցարիայի քաղաքացիները 2021-ի մարտին հանրաքվեում հավանություն են տվել հասարակական գրեթե բոլոր վայրերում նիկաբ, փարանջա եւ դեմքը թաքցնելու հնարավորություն ընձեռող այլ տեսակի հագուստն արգելելու մասին առաջարկին, որին կողմ է քվեարկել քվեարկողների 51,2 տոկոսը: Արգելքը տարածվում է, մասնավորապես, մահմեդական կանանց գլխաշորերի վրա, որոնք ամբողջովին թաքցնում են դեմքը։ Շվեյցարիայում բնակվում է մոտ 400 հազար մահմեդական։
Հանրային վայրերում դեմքը ծածկելն արգելող օրենքներ գործում են նաեւ Իտալիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Դանիայում։ 2015-ից նման օրենքներ են գործում աֆրիկյան Գաբոն, Սենեգալ, Քամերուն երկրներում։
Նշենք նաեւ, որ իսլամում ընդունված՝ գլխից մինչեւ ոտքերը ծածկող հագուստի՝ հիջաբի անվան տակ արեւմտյան երկրներում պատկերացնում են իսլամադավան կնոջ ավանդական գլխաշորը։