Այգեգործ ֆերմեր Իշխան Ասլանյանը տասնմեկ տարի առաջ ձեռք է բերել մոտ յոթ հազար քառակուսի մետր ամայի հողակտորն ու այգի հիմնել։ Հետո դրա հարեւանությամբ եւս մեկը՝ արդեն տղայի համար։ Երկուսը միասին տասը հազար քառակուսի մետրից մի քիչ է պակաս։
– Որոշել էի այգեգործությամբ զբաղվել եւ մինչ սա շատ հողեր էի նայել, բայց ամեն անգամ հորեղբորս տղան՝ Մեղրու գլխավոր ագրոնոմ Աշոտ Ասլանյանը, ասում էր՝ հարմար չի, եւ հազար ու մի բացատրություն տալիս։ Երբ հայտարարությամբ եկանք այս հողը նայելու, Աշոտն ասաց.
– Իշխա՛ն, սա՛ է քո հողը։
Ամայի տարածք էր, մենակ խոտ էր աճում։
– Սա՞,- զարմացել էի։ Իսկ ինքը բացատրեց.
– Նայի՛ր դիրքը. ամբողջ օրը արեւը վրան ա, լեռնալանջին չի, որ ստվեր ընկնի, ջուրը՝ առատ, հողն էլ՝ կավաավազային՝ խոնավությունը լավ պահող։
– Ես էլ հավանեցի, մանավանդ…- շարունակում է Իշխանն ու դիմում ինձ,- արի, արի ցույց տամ, այ էստեղից՝ այգուս ծայրից որ նայում եմ՝ Արաքսը, լեռները, շամբը… խաղաղվում եմ։
Նրանից մի քիչ ավելի վեր՝ Բրդուն քարի («մեղրիերենից» թարգմանած՝ Բերդաքար – Մ. Հ.) հենց ստորոտին, Սեյրան Ադամյանի այգին է, որ իրենց ընտանիքը ստացել է 1991 թվականին՝ հողի սեփականաշնորհմամբ։
– Հողը մշակող, աշխատող մարդը Մեղրիում լավ ա ապրում, կարող եմ ասել՝ շատ լավ ա ապրում,- ասում է Սեյրանը,- կոնկրետ ես. երեք երեխեքս բարձրագույն են ավարտել, Երեւանում վարձով ապրել, ոչ մի նեղություն չենք քաշել… Հողը եկամուտ տալիս ա, պիտի մշակես։ Թե չէ մարդիկ կան, Մեղրու հրապարակում պարապ-սարապ հավաքված փոխում են սրան, փոխում են նրան… Բայց հող չեն մշակում ու կյանքից բողոքում են… Ո՞վ ա դրա մեղավորը, ախպեր…
Իշխան Ասլանյանի այգին օրինակելի է համարվում, ավելի ճիշտ՝ ուսուցողական-ցուցադրական։ Նույնիսկ ցուցանակն է դա ասում։
Մենք շրջում ենք այգում, եւ Իշխանն ամեն ծառի մասին պատմում է. դե պատկերացրեք՝ մենակ արքայանարնջի (կորոլյոկի) ծառերը 110 հատ են։
– Այգին հիմնելիս մեկ բանվորի հնարավորություն եմ ունեցել. վարձել եմ մեկ բանվոր։ Ծառատնկման օրերին ընկերներիս եմ խնդրել՝ գան օգնեն, որ արագ անենք՝ արմատները չչորանան։ 2010 թվականից սկսած՝ ամեն օր էստեղ եմ անցկացրել։ Էս ծառերի ամեն մի շիվի մեկ սանտիմետր աճը տեսել եմ։
– Գյուղատնտեսությունը,- շարունակում է Իշխանը,- շատ սուրբ, մաքուր, հետաքրքիր ասպարեզ է։ Ծառը, երեւի, մարդուց մաքուր ա։ Իրեն ինչքան նվիրվում ես, ինքը նույն վերաբերմունքով ա պատասխանում։ Հենց հողը, բնությունը, իրենք ավելի մաքուր ու ազնիվ կանոններով են շարժվում, մարդկանցից ավելի… Եթե իրենց շատ ես նվիրվում, լավ արդյունք ես ունենում։
Մեղրու մրգի առանձնահատկության մասին խոսելիս երկու ֆերմերներն էլ նույնն են ասում. մեր արեւը եւ գիշերային տաքությունն են մրգերը քաղցրացնում.
– Էս մեր «թոնիրը» (երեք կողմից լեռներով շրջապատված Մեղրու ձորը – Մ. Հ.) մեծ ջերմություն ա տալիս, գիշերվա բարձր ջերմաստիճան, որում սինթեզվում ա բարձր պտղաշաքարի տոկոս, որի արդյունքը քաղցրահամ բերքն ա,- պարզաբանում է Իշխանը։
Համարյա նույնը այլ բառերով ասել էր Սեյրանը։
Հարցնում եմ իրացման մասին։
– Մեղրու միրգը երբեք չի կարող իրացման խնդիր ունենալ, որովհետեւ դրա պահանջարկը մեծ ա, իսկ առաջարկը՝ քիչ,- ասում է Իշխան Ասլանյանը։
– Հատկապես թուզն ու արքայանարինջը ընդհանրապես իրացման խնդիր չունեն։ Մեծածախ գնորդները գալիս ու տանում են,- սա էլ Սեյրանն է ասում,- խաղողի համար էլ իմ շուկան Քաջարանն ու Կապանն են՝ էլի մեծածախ։ Հիմա մանրածախ առեւտուր չենք էլ անում։ Կապանի ու Քաջարանի մեծ խանութները միրգ-բանջարեղենի բաժին ունեն, հանձնում ենք իրենց։
Իշխան Ասլանյանը նաեւ թզի մթերման-մշակման արտադրամաս ունի։ Ասում է՝ քառասուներկու ֆերմերներից գնում է թուզը, տեսակավորում, հատիկ-հատիկ շարում արկղերում եւ առաքում Մոսկվա։
– Բայց մենակ Մոսկվան չի,- ավելացնում է Իշխանը,- էսօր մեր մրգի համը զգացել են արդեն Էմիրաթներում՝ Դուբայում, էսօր մեր չրերը վաճառվում են նաեւ ԱՄՆ-ի Լոս Անջելեսի սուպերմարկետներում։
Երկու ֆերմերներն էլ այգին պարարտացնում են միայն օրգանական պարարտանյութերով, ոչ մի քիմիա։
– Պարարտանյութի հարցում սենց ա,- ասում է Իշխանը,- հիմա դեռ պարարտացնելու սեզոն չի, աշնանն է լինելու, բայց մի քանի օր առաջ էժան գոմաղբ առաջարկեցին, գնեցի, պարկերով բերել եմ, ծածկել, աշնանը կօգտագործեմ։
Աշխատող մարդիկ են երկուսն էլ։ Սեյրանը նաեւ անասնապահությամբ է զբաղվում։ Նախկինում կովեր էլ ուներ, բայց հիմա մենակ խոզեր է բուծում։
Աշխատող ու աշխատանքից չդժգոհող, որովհետեւ ոչ մեկի խղճահարության կարիքը չունեն։ Դրա համար մի քիչ վախվորած հարցնում եմ խնդիրների մասին։
Իշխանից պատասխան չստացա։ Սեյրանը, չգիտեմ կատակով, թե լուրջ, ասաց.
– Մի պրոբլեմ կա։ Ես որ ուզեմ ներդրում անելու համար վարկ վերցնել, չեմ կարող։ Ասելու են՝ վարկային պատմություն չունես։ Հիմա չեմ հասկանում՝ վատ ա՞, որ վարկային պատմություն չունեմ։ Բա լավ չի՞, որ ամեն ինչ ինքնուրույն եմ արել։ Պիտի ուրիշների նման մի երկու սուտի վարկ վերցրած լինեի, մի անգամ էլ՝ վերցրած թռած, որ լավ լինե՞ր… Ինձ վարկ պետք չի, եկամուտիցս եմ ներդրում անում, բայց սկզբունքը ճիշտ չի, էլի։
Վերեւում ասացի, որ Իշխանի այգին ուսուցողական-ցուցադրական է։
– Աշակերտների են բերում նայելու, այցելուներ են գալիս։ Իսկ ամենից շատ ինձ ուրախացնում ա էն, որ տեսնում եմ՝ ջահելությունը գալիս, հեռվից նայում ա, շատ ժամանակ էլ, ինձ չճանաչելով, իմ ներկայությամբ ասում են՝ «Իշխանի այգու նման այգի ենք սարքելու…»։ Ջահելությունը կպնում ա հողին։ Սա է իմ ու ինձ նման ֆերմերների աշխատանքի գլխավոր արդյունքը։
Հ. Գ. Մեր զրույցների ընթացքում երկուսի հետ էլ կոմունիկացիների բացման շատ քննարկված թեմայից խոսեցինք։ Երկուսի պատասխանն էլ միանշանակ էր. ոչ մի միջանցք, դա կլինի ոչ միայն Մեղրու, այլեւ Հայաստանի վերջը։ Տրանզիտ ճանապարհի մասին կարելի է խոսել՝ պայմանով, որ ճանապարհը պիտի լինի Հայաստանի վերահսկողության տակ, սահմաններում պիտի լինեն մեր սահմանապահներն ու մաքսային ծառայությունը։ Այսինքն՝ ոչ մի երրորդ երկիր չպետք է հավակնի մեր սուվերեն տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությանը։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։