Սեւանի ափին, Արծվանիստ համայնքի տարածքում հուլիսի 15-ին կազմակերպվել էր «Թափոնների երկրորդ կյանքը» խորագրով բացօթյա ցուցահանդես: Միջոցառումը հատկանշական էր նրանով, որ նախ կազմակերպվել էր մի գեղեցիկ վայրում, որը երկու ամիս առաջ աղբանոց էր հիշեցնում ու ոտք դնելու տեղ չկար, եւ երկրորդ, ցուցադրված էին իրեր, որոնք դուրս են բերվել Սեւան թափվող 10 գետերից ու հմուտ ձեռքերի շնորհիվ նոր կյանք ստացել:
Սա թվով երկրորդ միջոցառումն էր նույն վայրում, որ կազմակերպվել էր «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակում: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ), ՀՀ շրջակա միջավայրի եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների համատեղ այս ծրագիրը մեկնարկել է նախորդ տարեվերջին ու կշարունակվի մինչեւ 2021-ի դեկտեմբեր:
Ինչպես տեղեկացանք ծրագրի ղեկավար Ալլա Բերբերյանից գարնանը մաքրվել են Սեւանի առափնյա տասը համայնքների վարչական տարածքներով հոսող գետերն ու առափնյա տարածքները: Իսկ չորս գետերի ափամերձ հատվածներում տնկվել են ուռենու 520 հազար կտրոններ: Աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավվել է ավելի քան 500 տեղացի, հատկապես նրանք, ովքեր առավել են տուժել համավարակի պատճառով, օրինակ, աշխատանք են կորցրել, եկամտի աղբյուրներն են կորցրել, եւ այլն: Տիկին Բերբերյանի խոսքով ծառատնկման աշխատանքները շարունակվելու են նաեւ աշնանը՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների ու համայնքերի աջակցությամբ գործադրելով հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի տնկիների թիվը հասնի 1 միլիոնի:
Ծրագրի շրջանակում տնկված ուռենիներն ունեն մի շարք օգտակար հատկանիշներ՝ արագաճ են եւ հեշտ են արմատակալում, վաղ գարնանային մեղրատու են, կաշվի մշակության համար դաբաղանյութերի արժեքավոր հումք են, գեղազարդային են:
Ծառատեսակի ընտրության ժամանակ հաշվի է առնվել նաեւ այն, որ լիճ թափվող գետափերը էրոզացված են, անընդհատ հողատարում է տեղի ունենում, ուստի ուռենիները կնպաստեն նաեւ ափերի ամրացմանը: Նախնական մոնիտորինգի արդյունքերը ցույց են տվել, որ հիմնականում նախատեսված կպչողականությունն ապահովվել է, միայն Մասրիկ գետի առափնյա հատվածում տնկիների մի մասը չորացել է, ինչը պայմանավորված է հավանաբար գետում հոսքի սակավությամբ, գուցե նաեւ այլ պատճառներով, որոնք լրացուցիչ պետք է ուսումնասիրվեն եւ հաշվի առնվեն աշնանային ծառատունկի ժամանակ:
Ինչպես նշեցինք զուգահեռաբար իրականացվել են տեղացիների ներգրավմամբ մաքրման աշխատանքներ, որոնք ունեն ոչ միայն կարճաժամկետ, այլեւ էկոկրթական երկարաժամկետ ազդեցություն: Չնայած ընդամենը 15 օր, կամ մեկ ամիս անց մաքրված վայրերում նկատվել են աղբաթափման դեպքեր, բայց մյուս կողմից, հատկապես ծրագրում ներգրավված բնակիչներն այժմ առավել սրտացավ են:
Ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին Գեղարքունիքի մարզի 10 համայնքից (Ծակքար, Լիճք, Արծվանիստ, Լուսակունք, Խաչաղբյուր, Կարճաղբյուր, Մարտունի, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ եւ Վարդենիկ) 253 բնակիչ, մասնակցելով նշված համայնքների վարչական տարածքներով հոսող ու Սեւան թափվող գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին, հավաքել են մոտ 230.000 կգ աղբ եւ 283 կգ վերամշակման ենթակա թափոն, որը տեղափոխվել է համապատասխան վերամշակման գործարաններ: Մաքրման աշխատանքներին նախորդել են թափոնների հավաքի, վերամշակման, տեսակավորման եւ բնապահպանական այլ թեմաներով դասընթացներ: Նախկին ու ներկա վիճակը կարելի է համեմատել տեսանյութի ու լուսանկարների միջոցով:
ԳՄՀԸ Հայաստանի գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը եւս ներկա էր Սեւան թափվող գետերի հուների մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերված «գանձերի» ցուցահանդեսին: Նա շնորհավորեց բոլորին իրականացված մեծ աշխատանքի համար եւ կոչ արեց այսուհետ առավել հոգատար լինել շրջակա միջավայրի նկատմամբ, գնահատել այս գեղեցիկ բնապատկերը: Գեղարքունիքի մարզում գործող «Բլեջան» ՀԿ նախագահ Լիաննա Ասոյանն էլ ցանկություն հայտնեց, որ նման ծրագրերի, առավել եւս միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման կարիք այլեւս չլինի մեր իսկ տունը մաքուր պահելու համար:
Աշխատանքներին մինչ օրս մասնակցություն չունեցած բնակիչներին ոգեւորելու համար կազմակերպվեց մրցույթ: Մրցանակներ ստացան նրանք, ովքեր ճիշտ գուշակեցին, թե ցուցադրված ջահը, որ համայքի տարածքով հոսող գետից է դուրս բերվել:
Ծրագրի պատասխանատու Ալլա Բերբերյանի կարծիքով առավել մեծ արդյունքի հասնելու համար կայունությանն ուղղված լրացուցիչ գործողություններ են պետք: Այնուհանդերձ, բացի տեսանելի արդյունքից, ծրագիրն ունի նաեւ երկարաժամկետ էկոլոգիական ազդեցություններ. վերականգնված գետափերի շնորհիվ ոչ միայն կնվազեն էրոզիոն երեւույթները, վարարման բացասական հետեւանքները, այլեւ գետերի եւ վտակների ջրի ջերմաստիճանը կիջնի, որոնց արդյունքում կբարելավվեն նաեւ ձվադրման բնական միջավայրերը։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։