Իրանի նորընտիր նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորանքների համար:
Ըստ Հայաստանում Իրանի դեսպանության հաղորդագրության՝ Ռայիսին առանձին ուղերձներով շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Ռայիսին բարօրություն եւ հաջողություններ է մաղթել ՀՀ Կառավարությանը եւ ժողովրդին ու հույս հայտնել, որ երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել զարգացման եւ ընդլայնման ականատեսը կլինի։
«Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կապերը հիմնված են երկու ազգերի մշակութային վաղեմի հարաբերությունների վրա, որոնք մշտապես եղել են բարեկամական:
Միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների հարցում երկու երկրների նույն եւ մոտ դիրքորոշումները, որոնք ուղեկցվել են կառուցողական համագործակցությամբ, մեր հարաբերությունների կարեւորության ցուցիչն են:
Ընդհանուր մարտահրավերներն անխուսափելի են դարձրել երկու երկրների փոխգործակցության խորացումը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ կայունության պահպանման»,- ասված է ուղերձում:
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա ժամանակահատվածում կկարողանան սիներգիայի սկզբունքով ազդեցիկ քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում համագործակցության հիմքերի ամրապնդման ուղղությամբ:
Ադրբեջանում Իրանի դեսպանությունն էլ հրապարակել է Ռայիսիի` Ալիեւին ուղված ուղերձը:
Ուղերձում նշվում է, որ երկու բարեկամ եւ հարեւան երկրների միջեւ հարաբերությունները հիմնված են եղբայրական կապերի, ժողովուրդների ընդհանուր մշակույթի եւ պատմության վրա:
«Ռայիսին շնորհավորել է նախագահ Ալիեւին բռնազավթված տարածքների ազատագրման, այդ տարածքներում Ադրբեջանի պետական իշխանության վերականգնման եւ պետական սահմանների վերահսկողության հաստատման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռայիսին հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կզարգանա ավելի արագ տեմպերով՝ նպաստելով տարածաշրջանի կայունության եւ խաղաղության ամրապնդմանը: