Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը Շուշիից կրակել է Ստեփանակերտի ուղղությամբ։
«ՄԻՊ-ի ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ընթացքում հաստատվել է փաստը, որ մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։ Տեղեկությունը հաստատել են նաեւ պետական լիազոր մարմինները»,- շեշտել է ԱՀ ՄԻՊ-ը:
Ստեփանյանը նշել է, որ առողջապահության նախարարությունից եւ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ստացված տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան։
Միջադեպի մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ ուժերը։
«Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, վերջին օրերին առավել հաճախ է դիմում սադրիչ գործողությունների` այդ կերպ հետապնդելով խաղաղ բնակչությանը մշտապես ահաբեկելու, վախի ու լարվածության մթնոլորտ ձեւավորելու նպատակ։
Միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրումը ուղղակի ահրաժեշտություն է ադրբեջանական կողմի նկրտումները զսպելու եւ սադրանքները բացառելու համար»,- ընդգծել է Ստեփանյանը։
Արցախի օմբուդսմենը հավելել է, որ Արցախի ժողովրդի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության դեմ ադրբեջանական ոտնձգությունները ռուս խաղաղապահների եւ միջազգային հանրության կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի, այդ թվում` հրապարակային։