Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ Չինաստանն ավելի լավ կհամագործակցի կորոնավիրուսի ծագման տվյալների հասանելիության առնչությամբ:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Գեբրեյեսուսն ասել է, թե չմշակված տվյալները հասանելի չեն եղել տարվա սկզբին Չինաստան մեկնած միջազգային խմբի համար, որը կոչված էր ուսումնասիրելու վարակի բռնկման պատճառները:
ԱՀԿ-ն Չինաստանին խնդրել է թափանցիկ լինել եւ համագործակցել, հատկապես այն տեղեկության առնչությամբ, որը կազմակերպությունը խնդրել էր համաճարակի առաջին օրերին:
Գեբրեյեսուսը նշել է, որ փորձ է եղել կանխավ բացառելու այն տեսությունը, ըստ որի՝ կորոնավիրուսը Ուհանում Չինաստանի կառավարության լաբորատորիայից կարող էր պատահաբար արտահոսել:
«Ես ինքս լաբորանտ եմ եղել, աշխատել եմ լաբորատորիայում, իմունոլոգ եմ եւ գիտեմ, որ լաբորատոր միջադեպեր պատահում են»,- ընդգծել է ԱՀԿ տնօրենը: