ԱՄՆ-ը, Աֆղանստանը, Պակիստանը եւ Ուզբեկստանը Տաշքենդում համաձայնության են եկել՝ որոշելով ստեղծել խորհրդակցությունների նոր քառակողմ հարթակ հանուն Աֆղանստանում խաղաղության:
Ուզբեկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Յուսուպ Քաբուլժանովը «Կենտրոնական եւ Հարավային Ասիա. տարածաշրջանային փոխկապակցվածություն: Մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է, որ այս քառակողմ դիվանագիտական հարթակը միտված է նաեւ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնմանը:
«Կողմերը կարծում են, որ երկարաժամկետ խաղաղությունը եւ կայունությունը վճռական նշանակություն ունեն տարածաշրջանային փոխգործակցության համար, եւ համակարծիք են, որ խաղաղությունն ու տարածաշրջանային կապերը փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց»,- ընդգծել է Քաբուլժանովը:
Ուզբեկստանի պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ ընդունելով արդյունավետ միջազգային առեւտրական երթուղիների հետագա զարգացման պատմական հնարավորությունը՝ կողմերը մտադիր են համագործակցել առեւտրի ընդլայնման, տարանցիկ երթուղիների ստեղծման ոլորտում գործարար կապերի ամրապնդման համար: