Ամերիկացի մի խումբ սենատորներ Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս կատարելիք այցից առաջ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ վերջինիս հորդորելով ճնշում գործադրել եւ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ:
Պատճառը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության՝ Կիպրոսի թուրքական բռնազավթումից հետո բռնակցված Վարոշա (Մարաշ) քաղաքը վերաբացելու մտադրությունն է:
«Հորդորում ենք Եվրամիության հետ միասին նախապես հստակեցնել, որ Թուրքիայի կողմից՝ Վարոշան վերաբացելու կամ վերաբնակեցնելու ցանկացած փորձի դեպքում բազմակողմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- նշված է նամակում:
Սենատորներ Բոբ Մենենդեսը, Քրիս Վան Հոլլենը եւ Մարկո Ռուբիոն նամակում նշել են, որ Թուրքիան իր ծրագրերով անտեսում է ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդարանի այս հարցով կոչերը։
Ամերիկացի 11 սենատոր եւս հայտարարություն են արել՝ քննադատելով թուրքական կողմի ծրագրերը եւ ԱՄՆ նախագահին հորդորել օգտագործել իր բոլոր լծակները Թուրքիայի վրա ճնշում գործադրելու եւ Անկարայի անօրինական ծրագրերը խափանելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ էր հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին, որում հայտնել էր, որ Վաշինգտոնը թուրքական կողմին կրկին կհորդորի չեղյալ համարել Վարոշան վերաբացելու որոշումը:
Վարոշա նախկին հանգստավայրը Կիպրոսի հունական եւ թուրքական հատվածների բուֆերային գոտում է՝ ծովափնյա Ֆամագուստա շրջանում, որտեղից 1974-ին վտարվել էին կիպրոսցի հույն սեփականատերերը: