1992-ի ձմռանը հրթիռահրետակոծվող եւ սովահար Ստեփանակերտից մարդիկ համեմատաբար ապահով գյուղեր էին տեղափոխվել: Կոլեկտիվ-պետական տնտեսություններ դեռ կային, պահեստներում ցորեն ունեին, կով էին կթում, տնամերձներից կարտոֆիլի, լոբու բերքը հավաքվել էր: Հոսանք չկար: Լուրերին հետեւում էինք մարտկոցավոր ռադիոընդունիչներով: Հեռախոսակապը դեռ աշխատում էր:
Փետրվարի վերջի մի օր Մաքսիմ Հովհաննիսյանը զանգեց, թե մի քանի ամսվա աշխատավարձ են վճարում: Գյուղում էր նաեւ քույրս: Նա գյուղմեքենաների գործարանում տնտեսագետ էր: Երկուսով բռնեցինք Ստեփանակերտի ճանապարհը: Բեռնատարի թափքում հասանք Դաշբուլաղի խաչմերուկ, որտեղ էլի մարդիկ կային: Նոր մեքենայի հույս չկար, ճանապարհը շարունակեցինք ոտքով: Հասանք Մեհտիշենի զառիվերին, կանգ առանք: Ներքեում Խոջալուն ծխում էր:
Մեզ հետ մի հաշմանդամ երիտասարդ կար: Նայեց, հաճույքից ծղրտաց եւ ամփոփեց. «Հլը ինչքա՜ն հողեր ունենք ազատագրելու»: Նրան այլեւս չեմ հանդիպել, չգիտեմ՝ ինչու եւ ինչպես էր հասել Արցախ, ինչ էր անում: Բայց գրեթե համոզված եմ, որ տուն վերադառնալով՝ զարմանահրաշ բաներ է պատմել պատերազմից:
Մեկ տարի անց՝ ձյունոտ մի առավոտ, հանրապետական թերթի խմբագրության դիմաց հանդիպեցի մի խումբ համագյուղացիների: Զայրացած էին: Մեկի մասին հոդված էր տպագրվել, ուզում էին հանդիպել հեղինակին: Մի կերպ հանգստացրի, խոստացա, որ կպարզեմ: Հարցրի, հեղինակը պատմեց, որ մի քանի օր առաջ գիշերով տան դարպասը ծեծել են, մոտեցել է, տեսել զինվորական հագուստով մեկին, ներս է հրավիրել: Նստել են, մի կտոր հաց են կերել, մի քանի բաժակ խմել, եւ գիշերային այցելուն պատմել է, որ Սարսանգի ուղղությամբ հետախուզական ջոկի հրամանատարն է, մի օրով Ստեփանակերտ է եկել, տեսել, որ բարեկամի տանը մարդ չկա, հարեւան դարպասն է ծեծել:
Եվ պատմել է իր եւ ջոկի քաջագործություններից: Ստացվել է բացահայտ կեղծիք, որ արդեն չէր էլ կարելի հերքել: Ռազմական դրության պայմաններում ՊՊԿ-ի կոշտ իշխանության տակ դա ե՛ւ հեղինակին, ե՛ւ խմբագրին թանկ կարժենար:
Կրկին հանդիպեցի համագյուղացիներիս, բացատրեցի՝ ինչն ինչոց է: Հասկացան, հեղինակին ներեցին, նույնիսկ հետը մի-մի բաժակ կոնյակի սպիրտ խմեցին ու գնացին իրենց գործին: Մնաց «Արցախ» թերթի այդ համարը, որ վաղը մի ուսումնասիրողի կարող է տանել թյուր եզրակացության:
1996-ի ամռանը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի օրով Արցախում էր: Այդ մասին, որքան հիշում եմ, պաշտոնական տեղեկություն չտարածվեց: Բանակային թերթի խմբագիր էի: Զանգեցին եւ պատվիրեցին լուսանկարչին գործուղել հրամանատարության տրամադրության տակ: Երեւի մոտ մի շաբաթ անց վերադարձավ: ՊԲ քաղբաժնից կարգադրեցին ոչ մի կերպ թույլ չտալ, որ արված լուսանկարները տարածվեն:
Լուսանկարչին կանչեցի, բացատրեցի խնդիրը: Խոստացավ, որ սրբությամբ կկատարի հանձնարարականը: Հաջորդ օրը կիրակի էր: Չգիտեմ ինչ կանխազգացմամբ, բայց որոշեցի մտնել խմբագրություն: Շենքում ոչ ոք չկար: Երբ բացում էի մուտքի դուռը, ականջիս թույլ ձայներ հասան: Քսփսոցը լուսանկարչի լաբորատորիայից էր: Մոտեցա, ծեծեցի դուռը, ներկայացա: Բացեց եւ գլխիկոր մի կողմ քաշվեց: Երկրորդը սփյուռքահայ լուսանկարիչ էր: Խոստովանեցին, որ հարյուր դոլարով պայմանավորվել են, պիտի մի քանի լուսանկար ստանար: Ամոթանք տվեցի, վերցրի բոլոր լուսանկարները, ֆոտոժապավենները եւ հաջորդ օրը զմռսած ծրարով հանձնեցի քաղբաժնի պետին:
Վերջերս այդ լուսանկարները տեսնում եմ Ֆեյսբուքում: Քառորդ դար անց ոչ մի գաղտնիք արդեն չկա, բայց 1996-ին սկանդալ կլիներ, եթե Հայաստանի նախագահի՝ Աղդամի մզկիթից դուրս գալու պահի լուսանկարը հայտնվեր, ասենք, ֆրանսիական մամուլում: Բայց մի՞շտ է հաջողվել կանխել արտահոսքը: Ամենեւին: Ավելի հաճախ ոչ միայն իրական, այլեւ հնարածին պատմություններ են մամուլի էջեր ընկել, բազմաթիվ բեմականացված նկարահանումներ են արվել, նաեւ «ռետուշավորված» լուսանկարներ:
Ոմանք այդ «գործի վրա են եղել» առաջին պատերազմի ողջ ընթացքում: Մեկի համար դա դարձել է «փառավոր կենսագրություն»: Մյուսն աշխատել է իր փողը եւ «ռազմաճակատային լրագրողի» հեղինակությունը: Եվ ստացվել է կախարդված շրջանակ, որից այլեւս հնարավոր չէր դուրս գալ: Ով կփորձեր իրականությունը պատմել, լավագույն դեպքում կդառնար «սպիտակ ագռավ»:
Օրերս ինձ զրույցի էր հրավիրել Ստեփանակերտում շատ հայտնի մի գործարար: Երկուսուկես ժամ նա ինձ, որ Արցախի ազգային խորհրդի անդամ, առաջին գումարման Գերագույն խորհրդի, երեք գումարումների ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր եմ եղել, պատմում էր, թե Շարժման, առաջին պատերազմում հաջողության համար ով ինչ եւ ինչպես է արել:
Ողբերգությունն, ահա, այստեղ է: Երբ երեք տասնամյակ անց էլ դեռ չունենք ոչ հեռավոր անցյալի համակարգված փաստագրությունը: Եվ դարձյալ ապավինում ենք անհատական սխրանքի կանխադրույթին: Մինչդեռ ձախողումների, կորուստների եւ քառասունչորսօրյա պատերազմի աղետի պատճառներից մեկն էլ իրականության միֆականացումն է, «Հլը ինչքա՜ն հողեր ունենք ազատելու» ասողի պանծացումը, որի հակառակ կողմը «հերոս» որակավորման բացահայտ արժեզրկումն է:
Դժվար է, բայց մենք պարտադրված ենք վերադառնալ իրականությանը, որքան էլ այն ցավոտ լինի:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։