ՀՀ Սահմանադրական դատարանը այսօր դռնբաց նիստում հրապարակեց արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը:
ՍԴ-ն որոշեց անփոփոխ թողնել ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունիսի 27-ի որոշումը:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական տվյալների՝ հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների 53,91 տոկոսով:
Երկրորդը «Հայաստան» դաշինքն է՝ 21,09 տոկոս, երրորդը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,22 տոկոս. դաշինքը թեեւ չի հաղթահարել անցողիկ շեմը՝ 7 տոկոս, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ՝ մտնում է խորհրդարան:
8-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր. «ՔՊ»-ն` 71, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ»-ը` 7։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը, առանց Ազգային ժողովի քվեարկության, կնշանակվի վարչապետ՝ որպես խորհրդարանական մեծամասնության թեկնածու:
ՍԴ-ն արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 դիմումների քննությունը սկսել էր հուլիսի 9-ին։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոքները ներկայացրել են խորհրդարան անցած «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները եւ անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց հայրենիք» եւ «Զարթոնք» կուսակցությունները։
Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը: