ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Շառլ Միշելը նշել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է առավել սերտացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ, աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ու երկարատեւ զարգացմանը:
Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի՝ Արմեն Սարգսյանը եւ Եվրոպայի խորհրդի նախագահն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:
Երկուստեք կարեւորվել է բոլոր գերիների վերադարձի ապահովման խնդիրը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ գերիների վերադարձի հարցը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի, եւ ցավով արձանագրել, որ պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը չի ցանկանում խնդրին վերջնական լուծում տալ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւոր դերը հակամարտության ամբողջական ու լիարժեք կարգավորման գործում:
Հանդիպմանն արծարծվել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը, Հայաստանի ժողովրդավարական զարգացմանն առնչվող հարցեր:
Կարեւորվել են Եվրոպական միության դերը երկրի հզորացմանն աջակցելու հարցում եւ այդ ուղղությամբ համատեղ ջանքերի իրականացումը։