Մեր նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել էինք Շուշիի Նարեկացի արվեստի միությանը, նախկին տնօրեն Հայկ Պապյանը տեղեկացրել էր, որ միությունը կվերածնվի հայաստանյան գյուղերից մեկում՝ բոլորովին այլ ձեւաչափով: Հետաքրքրվեցինք՝ որ փուլում է գործընթացը:
Այս ամիսներին ծրագրերը որոշակիորեն փոխվել են, Նարեկացի արվեստի միության հետ համագործակցությունը դադարեցվել է, հիմնադիր Նարեկ Հարությունյանը հրաժարվել է Շուշիի ՆԱՄ-ը վերականգնելու մտադրությունից: Բայց «Հեքիաթների տուն»-ը այլ վայրում վերականգնելու միտքը հետապնդում է Արցախի տիկնիկային արվեստի գործիչներին:
Հիշեցնենք, որ Շուշիի Նարեկացի արվեստի միությունն իր գործունեությունն ընդլայնելու նպատակով պատերազմից մեկ տարի առաջ եւս մի երկհարկանի շենք էր վերակառուցել՝ 600 քմ տարածքով: Հայկ Պապյանի նախաձեռնությամբ մաքրվել էր կողքի շենքը՝ ճարտարապետական հետաքրքիր հորինվածքով մի կառույց, որը ժամանակին օգտագործվում էր որպես պահեստ: Նոր վերակառուցված շենքի առաջին հարկում երիտասարդ շուշեցիների սիրելի «Արտ կաֆե» սրճարանն էր, երկրորդում՝ թատերական ներկայացումների ու համերգների համար նախատեսված դահլիճը:
Պատերազմից հետո «Հեքիաթների տան» տիկնիկագործ վարպետները, դերասանները ժամանակավորապես հաստատվել են Երեւանի արվարձաններում: Նոր նախագիծ են մշակել, խամաճիկների էսքիզներ են պատրաստում, մտադիր են «Art Village», այսինքն՝ արվեստի գյուղ հիմնել՝ մշակույթի կենտրոնը համադրելով գյուղատնտեսության, զբոսաշրջության հետ:
«Նախատեսում ենք բնությանը ներդաշնակ ճարտարապետական լուծումներով մեկհարկանի մի շինություն կառուցել, որտեղ գյուղի երեխաների համար կգործեն արվեստի խմբակներ, կլինի հյուրատուն, գյուղատնտեսությամբ կզբաղվենք»,- ապագա ծրագրերի մասին պատմում է Հայկ Պապյանը:
Վերջին ամիսներին տիկնիկային արվեստի գործիչները «Art Village» նախագիծն իրականացնելու համար հարմար վայր էին փնտրում, ընտրությունը կանգ է առել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի վրա, որտեղ մեղվաբուծության համար բարենպաստ պայմաններ կան: 5000 քմ տարածքը տիկնիկային գործիչները սեփական միջոցներով են ձեռք բերել, մասնակի ֆինանսավորել է Հայկ Պապյանի եղբայրը՝ անվանի դիրիժոր Վահագն Պապյանը: 80 փեթակ, 50 մեղվաընտանիք էլ ձեռք են բերել «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ: Փեթակներն այժմ Գետահովիտ գյուղի հայորդյաց տան տարածքում են, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է տրամադրել: Թատրոնի անձնակազմի մի մասն այժմ մեղվաբուծությամբ է զբաղվում:
«Մեղվաբուծությունը միանգամից շահույթ չի ապահովելու, բայց հաջորդ տարի կկերակրի մեր անձնակազմին»,- ասում է Հայկ Պապյանն ու պատմում անելիքի մասին: Փորձում են իրականացնել «Ստվերների շրջիկ թատրոն անիվների վրա» նախագիծ: Դրամաշնորհի համար դիմել են Եվրասիա համագործակցություն հիմնադրամին, սպասում են հաստատմանը:
«Վերջին ամիսներին Հայաստանի բոլոր գյուղերով շրջեցինք, համոզվեցինք, որ մարզկենտրոններից հեռու տեղերում մշակույթ, մասնավորապես թատերական արվեստ գոյություն չունի»: Հայկ Պապյանը վստահ է, որ ստվերների շրջիկ թատրոնը կարող է գյուղի կյանքում թեկուզ կարճատեւ, բայց աշխուժություն մտցնել, թատրոնի հանդեպ հետաքրքրություն առաջացնել:
Հայաստանում ստվերների թատրոնի ներկայացումներ վերջին անգամ 60-ականներին են ցուցադրվել։ Թատրոնի այս ճյուղը գրեթե մոռացության էր մատնված, միայն «Այրոգի» թատերախումբն է հնուց պահպանված մանրապատումների եւ հայկական ժողովրդական հեքիաթների հիման վրա ձեւավորված ներկայացումներ խաղում: Բայց մեր ժամանակներում թատրոնի այս ճյուղը պահպանելու համար մի թատերախմբի գոյությունը բավական չէ:
Շուշիի ՆԱՄ բացօթյա սրճարանում ստվերային թատրոնի ներկայացումները սիրով էին դիտում երիտասարդները, հիշում է տնօրենը: Հայկ Պապյանին պատերազմից հետո Երևանում համագործակցության առաջարկներ են արել, խամաճիկների թատրոնում առաջարկել են ներկայացում բեմադրել, հրաժարվել է, Շուշիի ՆԱՄ տիկնիկային գործիչների հանդեպ պատասխանատվություն է զգում, միասին են երկար ճանապարհ անցել, դժվարություններն էլ միասին պետք է հաղթահարեն, բացի այդ՝ կարեւորում է անկախ գործելը:
«Մենք ունենք մեր գեղագիտությունը, մեր պատմությունը, որը շարունակություն պիտի ունենա»,- ասում է Հայկ Պապյանը՝ վստահեցնելով, որ նույն ջանքերով ու եռանդով աշխատելու են նաեւ այստեղ՝ Հայաստանում:
Շուշիի ՆԱՄ «Հեքիաթների տան»-ն ուղղված ֆինանսական ցանկացած աջակցություն կարեւոր է:
Բանկային հաշվեհամար
Հայբիզնեսբանկ ՓԲԸ
հ/հ 1150001498608610
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։