2016 թվականին առաջին անգամ մարդիկ ակտիվորեն սկսեցին բարձրաձայնել աղտոտված փետուրներով ու անօգնական արագիլների մասին: Գուցե ավելի վաղ էլ են նման դեպքեր եղել, բայց աղտոտված թռչուններն այնքան շատ չեն եղել, որ ուշադրություն գրավեն:
Գնալով աղտոտումն առավել մասշտաբային դարձավ, առավել հաճախակի էին մարդիկ նկատում աղտոտված արագիլներ: Այս հանգամանքը մտահոգությունների առիթ տվեց: Արագիլների աղտոտման աղբյուրների ու պատճառների մասին տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ պատասխանատու պետական մարմինների կողմից տարբեր վարկածներ առաջ բերվեցին: Բայց փաստն այն է, որ խնդիրը դեռեւս առկա է:
Զրուցեցինք Գերմանիայի բնության պահպանության միության (ԳԲՊՄ) հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Լուսինե Աղաջանյանի հետ։ Նա հավաստիացրեց, որ գնալով խնդիրն ահագնանում է:
Դեռեւս 2019-ին նրանք դիմել են գլխամասային գրասենյակ: 2020 թվականին հաջողվել է մեկնարկել ուսումնասիրությունները: Լուսինեն ու նրա թիմակիցները մշակված հստակ պլանով Արարատյան դաշտում առաջնահերթ սկսել են իրականացնել սպիտակ արագիլների հաշվառում: Աշխատանքը ենթադրում էր առանձին այցեր գյուղեր, բների ու բներում առանձնյակների քանակի հաշվառում, ինչպես նաեւ առանձնյակների աղտոտվածության մասին տվյալների հավաքում:
Ստացված տվյալների հիման վրա ԳԲՊՄ հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները քարտեզներ են մշակել՝ աշխարհագրական տեղեկատվական տվյալների համադրման միջոցով բացահայտելով աղտոտվածության թեժ կետերը:
Ըստ Լուսինե Աղաջանյանի՝ աղտոտվածության հիմնական շրջանակն ընդգրկում է Արմավիրի ու Արարատի մարզերի, ինչպես նաեւ Երեւանի հետ հատման հատվածը: Անցած տարի աղտոտված թռչուններ էին նկատվել նաեւ Արմաշ գյուղի շրջակայքում, Արմավիր քաղաքի մերձակայքում:
Հիշեցնենք, որ դեռ անցած տարի շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկություն տարածեց, թե արագիլների աղտոտման պատճառը ձկնաբուծարաններն են։ Ձկների, հատկապես թառափ ձկնատեսակի մաքրման ժամանակ յուղային զանգվածը համապատասխան կարգով չի ոչնչացվում եւ որպես թափոն լցվում է տարբեր տեղեր։ Մասնավորապես Մասիսի աղբավայրում արագիլները սնվում են այդ թափոններով։
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը մի քանի անգամ արագիլների աղտոտման լուրը հերքելուց հետո ստիպված եղավ խոսել աղտոտման պատճառների մասին եւ առաջ բերեց չնախատեսված վայրում բուսական յուղ պարունակող ժամկետանց մի քանի տոննա մթերքի առկայության վարկածը:
Աղտոտման իրական պատճառը պարզելու նպատակով ԳԲՊՄ հայաստանյան մասնաճյուղը աղտոտված թռչունների փետուրները հանձնեց լաբորատոր հետազոտության: Հայաստանի եւ Ավստրիայի լաբորատորիաների համագործակցության արդյունքում արձանագրվեց, որ դրանք աղտոտված են հիմնականում բուսական ծագման յուղերով, սննդային հավելիչների ու լվացող միջոցների խառնուրդով:
Ենթադրելով, որ աղտոտման պատճառը կարող են լինել Արարատի ու Արմավիրի խնդրահարույց հատվածում գյուղմթերք մշակող ձեռնարկությունները, որոնք արտադրական թափոններն առանց հատուկ ընթացակարգի են տեղակայում՝ ԳԲՊՄ աշխատակիցները որոշեցին նման ձեռնարկությունների մասին տվյալներ հավաքել:
Ինչպես տեղեկացանք գրասենյակի ծրագրերի ղեկավար Լուսինե Աղաջանյանից, քանի որ պետական պատասխանատու մարմիններից, մասնավորապես շրջակա միջավայրի, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններից ու տեսչական մարմնից չի հաջողվել նման ցանկ ձեռք բերել, անձամբ են սկսել շրջել տեղանքում ու նշումներ անել նման արտադրամասերի առկայության մասին: Ներկայում քարտեզագրման մեթոդով փորձում են համադրել առկա տվյալները:
Դեռեւս վերջնական եզրահանգման ԳԲՊՄ հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները չեն եկել, բայց արդեն իսկ առկա տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ միայն Մասիսի աղբավայրը չէր կարող լինել աղտոտման օջախ, քանի որ արագիլները կեր հայթայթելու նպատակով առավելագույնը մինչեւ 10 կմ են հեռանում իրենց բներից, մինչդեռ աղտոտված առանձնյակներ կան նաեւ աղբավայրից առավել հեռու գտնվող վայրերում:
Լուսինեն անձամբ կարծում է, որ պատճառը նաեւ Հրազդան գետի աղտոտվածությունն է, քանի որ մայրաքաղաքի կոյուղաջրերը թափվում են գետ, որն անհրաժեշտ ձեւով չի մաքրվում։ Արտադրական թափոնները դեպի գետ ուղղող գործարանները, մեծ ու փոքր արտադրամասերը չունեն յուղորսիչ կայաններ, ուստի հնարավոր է, որ գետում յուղային մասնիկների կոնցենտրացիան այնքան է բարձրացել, որ հատկապես ափամերձ հատվածները, որտեղ արագիլները սնվում են, աղտոտման օջախներ են դարձել:
Կարեւորելով խնդրի իրական պատճառները պարզելը՝ նրանք համագործակցում են նաեւ պետական մարմինների հետ, բայց դեռեւս գործը գլուխ չի եկել: Հետազոտական աշխատանքները շարունակվում են:
Մասնագետների համոզմամբ խնդիրը լոկ արագիլների աղտոտվածությունը չէ, դրանք ընդամենը ցուցիչներ են, որոնք ահազանգում են առկա լուրջ խնդրի մասին, որի ազդեցությունը բնական էկոհամակարգերի ու շրջակա միջավայրի այլ բաղադրիչների, ինչպես նաեւ մարդու վրա անդառնալի հետեւանքներ կարող է թողնել:
Աղտոտված արագիլների հաշվառման աշխատանքներն ավարտվել են Արարատի մարզում: Աղտոտված է եղել արագիլների գրեթե 60 %-ը։ Արմավիրի մարզում աշխատանքների ավարտից հետո հնարավոր կլինի խոսել աղետի չափերի եւ մասշտաբների մասին։
Մինչ այդ բնապահպանները, թռչնաբաններն ու թռչնասերները ստիպված են գնալ յուրաքանչյուր ահազանգի հետքով ու անհրաժեշտ օգնություն ցուցաբերել աղտոտված թռչուններին: Աղտոտման պատճառով զրկվելով թռչելու կարողությունից՝ թռչուններն անհաջող փորձերի արդյունքում ընկնում են, վրաերթի զոհ դառնում կամ հարձակումների ենթարկվում շների կողմից, վնասվածքներ ստանում, սովի մատնվում:
ԳԲՊՄ հայաստանյան գրասենյակն, օրինակ, առավել տուժած արագիլներին տեղափոխում է Երեւանի կենդանաբանական այգի: Այստեղ դրանք վերականգնողական փուլ են անցնում, որից հետո հաճախ տեղափոխվում են բաց ազատավանդակներ, լավագույն դեպքում՝ վերադարձվում իրենց ապրելավայրեր:
Առավել խոցելի են առաջին տարվա ձագերը, որոնք իրենց թռիչքներն ու ինքնուրույն կեր հայթայթելու առաջին անհաջող փորձերն են անում: Արագիլների լոկալ տեղաշարժին հետեւելու համար ԳԲՊՄ գրասենյակի աշխատակիցներն այս տարի առաջին անգամ GPS համակարգեր են տեղադրել երիտասարդ առանձնյակների վրա: Դրանք բնից դեռեւս շատ չեն հեռանում, բայց հետագայում, երբ ընդլայնվի հսկողության տակ գտնվող թռչունների տեղաշարժման աշխարհագրությունը, կոորդինատներով հնարավոր կլինի պարզել սնվելու վայրերը, հետեւապես նաեւ՝ աղտոտման օջախները:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։