Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Տաջիկստանի զինված ուժերը օգոստոսի 1-10-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Տաջիկստանի Խաթլան նահանգի Հարբ-Մայդոն զորավարժարանում՝ Աֆղանստանի սահմանից 20 կմ հեռավորության վրա:
Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն միավորված ուժերի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստման աշխատանքներ՝ դաշնակից պետության տարածք ներխուժած ապօրինի զինված կազմավորումների ջոկատները ոչնչացնելու համար:
Զորավարժությունները կանցկացվեն երեք երկրների ռազմաօդային ուժերի, հակաօդային պաշտպանության, զրահատեխնիկայի եւ հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ: Զորավարժություններին ներգրավված զինծառայողների թիվը դեռեւս հայտնի չէ։
Զորավարժության նպատակն է նշված երկրների համատեղ եւ համակարգված գործողությունների իրականացումը՝ ահաբեկչական խմբավորումների ներխուժման դեպքում Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանը պաշտպանելու համար:
Սա Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի առաջին լայնամասշտաբ զորավարժությունն է:
Նշենք, որ Ռուսաստանը առաջին զորավարժությունները անցկացրել է Պետրոս Առաջինի օրոք՝ 1694 թվականին: