Վերջերս ավելի հաճախ եմ ինքս ինձ հարցնում. «Ի՞նչ ընթացք կունենար 88-ի Շարժումը, եթե նախ «Ղարաբաղ» կոմիտեն, այնուհետեւ ՀՀՇ-ն կոշտ ձեռքով չկասեցնեին (կամ չսահմանափակեր) «գիտունների» անհարկի, անպատեհ եւ մեծ մասամբ վնասարար միջամտությունը»: Եվ ցավով արձանագրում եմ, որ այդպես էլ չհաջողվեց բոլոր ջանքերը մի հուն տեղափոխել։
Ընդհուպ մինչեւ 91-ի տարեվերջը Երեւանից եւ Ստեփանակերտից «պատվիրակություններ» էին մեկնում Մոսկվա: Ո՞վ եւ ի՞նչ նպատակով էր կազմակերպում նրանց հանդիպումները Կրեմլի ոչ այնքան երկրորդական դեմքերի, դիվանագիտական կորպուսի եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ: Ի՞նչ իմաստ ուներ, ասենք, Ստեփանակերտից մարդկանց գործուղել Եվգենի Պրիմակովի մոտ, երբ հայտնի էր, որ ԽՍՀՄ ԳԽ նախագահության հայտնի նիստում՝ 88-ի, կարծեմ, հունիսին հենց նա էր, որ ասում էր, թե քաղաքական խնդիրներ քննարկելիս պատմությունը չափորոշիչ չէ:
Եվ, առհասարակ, կա՞ր ԽՍՀՄ վերնախավում մեկը, որ կողմ լիներ ԼՂԻՄ-ի միավորմանը ՀԽՍՀ-ին: Ո՛չ, չկար: Այս ճշմարտությունը խոստովանելու քաջություն պիտի Սիլվա Կապուտիկյանը եւ Զորի Բալայանն ունենային 88-ի փետրվարի 26-ին Գորբաչովի հետ ծանր հանդիպումից հետո: Այս ճշմարտությունը 1990-ի օգոստոսյան մի շոգ հետմիջօրեի ԼՂԻՄ-ից Հայաստանի ԳԽ պատգամավոր ընտրվածներիս հասկացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հետո նա այդ հարցով ԳԽ փակ նիստ հրավիրեց եւ դրեց ԼՂ-ում իշխանության սահմանադրական մարմինների վերականգնման առաջնահերթություն: Իշխանության բարձրագույն մարմինը մերժեց տվյալ փուլում ամենաօպտիմալ, թող որ միջանկյալ կարգավորման տարբերակը: Որովհետեւ ԳԽ-ում կային «գիտուններ»: Նրանց մի մասը պնդում էր, որ Մոսկվայում «կհաղթեն դեմոկրատները, եւ բաղձալի «միացումը» կկայանա»: Իսկ մյուսները «հարյուր տոկոսով համազված էին» եւ հավաստիացնում էին, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի, Հայաստանը կդառնա անկախ պետություն եւ միջազգային իրավունքի ուժով «կտիրանա Արցախին, հետո կդնի Նախիջեւանի եւ Կարսի հարցը»:
Մի արտառոց «օրինաչափություն» եմ նկատել. հայ իրականության մեջ պատմաքաղաքական, իրավական էքսկուրսի սիրահար են հիմնականում ոչ մասնագետ մարդիկ: Նրանք մաթեմատիկոս են, ֆիզիկոս, բնագետ: Պատահակա՞ն է այս «դավանափոխությունը»: Նրանք ուղղակի անկեղծ երազողնե՞ր են, հազիվ թե: Ինչպես որ երազողներ չէին Եվգենի Պրիմակովի ընդունարանի ուղեգորգերը մաշող ստեփանակերտցի «գիտունները»: Ինչ-որ մեծ խարդավանք Շարժման շուրջ հյուսված էր ի սկզբանե: Դա շատ արագ ձեւակերպվեց որպես «այլընտրանք». եթե Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի միավորումը հնարավոր չէ, ապա թող «ինքնավար մարզը մտնի Ռուսաստանի կազմ կամ ենթարկվի կենտրոնական կառավարման»:
Առաջին հայացքից շատ անկեղծ եւ նույնիսկ տրամաբանական է թվում, բայց խորքում դա ամենամեծ սադրանքն էր, որովհետեւ «թարգմանաբար» մի բան է նշանակում՝ հայերը եւ ադրբեջանցիները չեն կարող համատեղ ապրել: Մի բան, որ ադրբեջանցիների երազանքն էր, բայց նրանք դա հնչեցրին մեր բերանով: Եվ սկսեցին մեզ կառավարել: Այնքան, որ հայ ակադեմիկոսը Թատերական հրապարակում Հայաստանի թրքազերծման կոչ հնչեցրեց: Ավելին պետք չէր: Եվ Վեդիի, Մասիսի թրքությունը նետվեց դեպի խորհրդաթուրքական սահման՝ քաղաքական ապաստան խնդրելու Անկարայից: Այն դեպքում, երբ Ադրբեջանի անպաշտպան հայությունը ենթարկվում էր անլուր բռնությունների, 1989-ի տարեվերջին Նախիջեւանից մինչեւ Լենքորան խորհրդա-իրանական սահմանը խորտակվեց, տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ մի կողմից անցան մյուսը:
Ազգային, կրոնական համերաշխության այդ ցույցն ո՞վ էր կազմակերպել: Խորհրդային ՊԱԿ-ը: Նույն կառույցը, որ մեծ «կողպեք էր դրել» Հայաստան-Արցախ հաղորդակցության երկու ճանապարհին՝ Լաչինում եւ Քելբաջարում, իսկ Արցախի միակ օդանավակայանը հանձնել Բաքվի տնօրինությանը: Ի՞նչ գաղտնի կապեր էին ուղղորդում իրավիճակի սրացումը: Ո՞վ էր ավելի ու ավելի համառորեն մերժում կարգավորման բոլոր փոխզիջումային տարբերակները: Ո՞վ էր խնդիրը մղում ռազմական բախման փակուղի:
Ժամանակավրեպ, ուշացած հարցադրումներ չեն, որովհետեւ այսօրվա իրավիճակը, կարծես, 1990-1991 թվականների զարհուրանքի հայելապատկերն է, իսկ իշխող տպավորությունը՝ թե այն, ինչ չի ստացվել երեսուն տարի առաջ, ծրագրվում է իրականացնել այսօր:
Տագնապը, որ 1997-ի աշնանը հնչեցնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ միայն ըմբռնելի, այլեւ առարկայորեն տեսանելի էր: Եվ պետական, քաղաքական, ռազմադիվանագիտական նույնիսկ նվազագույն փորձ ունեցող յուրաքանչյուր ոք դա պետք է ընդուներ իբրեւ կոնստատացիա, իրողության պարզ արձանագրում: Բայց գտնվեցին «գիտուններ» եւ շրջեցին, նենգափոխեցին ամեն ինչ:
Եթե միլիոն բերանով միլիոն անգամ էլ ասվի, գոնե ես չեմ համոզվի, որ Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրելով՝ նրանք չեն սպասարկել հենց համաթրքականության օրակարգը: Դա պատերազմի, էքզիստենցիալ մրցակցության ճակատագրականության, անխուսափելիության կուլտիվացիան է հայ գիտակցության մեջ, որի երեսը ռոմանտիկ ոչմիթիզականությունն է, աստառը՝ հայ պետականության իրավունքի բացասումը: Այդ խորքային կանխածրագիրն իրականություն դարձնելուց թուրքերը կես քայլի վրա են: Ընդամենը:
Բայց այդպես էր նաեւ 1991-1992 թվականներին: Իհարկե, անցյալի հաջողությունը ներկայի ելքի երաշխիք չէ, բայց հնարավորություն է: Ինչպե՞ս այն իրացնել: Իր եւ թիմի հանդեպ անվստահությամբ հանդերձ՝ ես դեռ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը թուրքական պրոյեկտ չէ: Իսկ եթե սխալվում եմ, ուրեմն պետք է խաղաղության եւ բարիդրացիության համահայկական պլատֆորմ ձեւավորել եւ այդ հիմքով ուղղակի երկխոսության գնալ թուրքական աշխարհի հետ: «Գիտունները» պետք է հեռանան: Կամ՝ հեռացվեն:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։