Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդրոս Պապայոաննուն Թուրքիային մեղադրել է այլ երկրներն ապակայունացնելու նպատակով իր զինված ուժերի վարձկաններից օգտվելու համար:
Հույն պաշտոնյան հավելել է, որ Թուրքիան փորձում է խեղաթյուրել իրականությունը, որպեսզի թաքցնի միջազգային իրավունքի շարունակական խախտումները:
Վարձկանները՝ ապակայունացնող տարր
Պապայոաննուն հայտարարել է, որ Թուրքիան բռնազավթում է այլ երկրների հողերը եւ այնտեղ անօրինական կերպով տեղակայում իր ուժերն ու վարձկաններին՝ այդ երկրներն ապակայունացնելու նպատակով:
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը եւս հայտարարել է, որ Թուրքիան փորձում է իր արտաքին քաղաքական նպատակները առաջ տանել ուժի ցուցադրմամբ՝ ընդգծելով, որ ծովային ուժերի ցուցադրմամբ կիրառվող դիվանագիտությունն անցյալում է:
Դենդիասը շեշտել է, որ Թուրքիան կենթարկվի ԵՄ պատժամիջոցների, եթե շարունակի տարածաշրջանային իր այժմյան քաղաքականությունը:
Երկու պետության սկզբունքը միջազգային օրենքների խախտում է
Նիկոս Դենդիասը համաարաբական Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Կիպրոս այցին, հայտնել է, որ Հունաստանն անհամբեր սպասում է, թե Էրդողանն ինչ անակնկալ հայտարարություն կանի:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Էրդողանի՝ Կիպրոսում ունենալիք ելույթի վերաբերյալ ավելի վաղ նշել էր, որ դա կորոշի թուրք-հունական հարաբերությունների հետագա ընթացքը: Դենդիասն այս առումով ասել է, որ Միցոտակիսի եւ Էրդողանի միջեւ հանդիպումն «արտասովոր լավ է անցել եւ օգնել է, որ երկու երկրների միջեւ սառույցը հալվի»:
Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանի համար շատ կարեւոր են հուլիսի 20-ին Կիպրոսում Էրդողանի գործողություններն ու հայտարարությունները:
Հունաստանի արտգործնախարարն ասել է, որ Կիպրոսի հարցը երկու պետության սկզբունքով լուծելուն դեմ են ոչ միայն Հունաստանը եւ Կիպրոսը, այլեւ միջազգային իրավունքի օրենքներն ու ՄԱԿ-ի ԱԽ որոշումները:
Նա ընդգծել է, որ Թուրքիայի այդ առաջարկը Կիպրոսի հարցի լուծում չէ եւ հակասում է միջազգային իրավունքին: Լուծման ուղին կղզու միավորումն է: