Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը վրդովմունք է հայտնել ռադիոկայանի ադրբեջանական ծառայության առնվազն հինգ նախկին եւ ներկա լրագրողների սմարթֆոնների՝ Pegasus լրտեսական ծրագրով հնարավոր թիրախավորման մասին բացահայտումների առնչությամբ:
Ջեյմի Ֆլայն ընդգծել է, որ ռադիոկայանը տեւական ժամանակ լուսաբանել է «Ազադլիք» ռադիոյի դեմ Ադրբեջանի կառավարության չարաշահումները՝ պաշտոնական Բաքվին հորդորելով դադարեցնել ռադիոկայանի կայքի արգելափակումը, «Ազադլիք»-ի աշխատակիցներին հետեւելը եւ բյուրոյի նախկին ղեկավար Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ հալածանքները:
Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման նախագծի եւ 17 լրատվական կազմակերպությունների՝ երկու օր առաջ հրապարակված հետաքննությունը բացահայտել է Իսրայելում գործող NSO Group-ի եւ շուրջ 50 հազար հեռախոսահամարների տվյալների բազայի արտահոսքի միջեւ կապը: NSO Group-ին կառավարություններին լրտեսական ծրագրեր մատակարելու մեղադրանք է վերագրվում:
Հետաքննությամբ պարզվել է, որ նշված հեռախոսահամարները պատկանել են 2016-ից ի վեր NSO Group-ի հաճախորդների ուշադրությունը գրաված անձանց:
NSO Group-ի հաճախորդների թվում, ըստ հետաքննության, Ադրբեջանի, Բահրեյնի, Հունգարիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Մեքսիկայի, Մարոկկոյի, Ռուանդայի, Սաուդյան Արաբիայի, Տոգոյի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարություններն են:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը խստորեն դատապարտում է այդ փոքրոգի միջամտությունը աշխատող լրագրողների անձնական կյանքին»,- ընդգծել է ռադիոկայանի նախագահը: