Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ»-ը մտադիր է S-400 զենիթահրթիռային համակարգերի հավելյալ խմբաքանակ ուղարկել Թուրքիա։ Նոր պայմանագիրը, ըստ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւի, կկնքվի մի քանի ամսից:
Գլխավոր տնօրենը նշել է, որ այժմ ընթանում են վերջնական խորհրդակցությունները, արդեն ձեւավորվել են ֆինանսական մոդելն ու տեխնիկական համագործակցության ծրագիրը:
Արեւմտյան դաշնակիցները խստորեն դատապարտում են Անկարայի այս գործարքը՝ պնդելով, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրում ռուսական զինատեսակների ներդրումը խոցելի կդարձնի Հյուսիսատլանտյան դաշինքն ու խնդիրներ կստեղծի համընդհանուր անվտանգության համար։
Տեւական զգուշացումներից հետո՝ անցած տարեվերջին, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց Անկարայի դեմ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն, պնդեց, թե ռուսական հրթիռներից ոչ մի դեպքում չի հրաժարվելու։
Նաեւ ռուսական կործանիչներ
Իր հերթին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը հայտարարել է, որ եթե Անկարան որոշի ձեռք բերել նաեւ Су-35 եւ Су-57 ռուսական արտադրության կործանիչներ, ՌԴ-ն պատրաստ է թուրք գործընկերների հետ նստելու բանակցությունների սեղանի շուրջը:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ասել է, որ Անկարան ուսումնասիրում է ռուսական կործանիչներ գնելու հարցը։