Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով դատապարտել է բռնազավթած Հյուսիսային Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասը վերաբացելու Թուրքիայի ծրագիրը, որի մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է այսօր Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Էրսին Թաթարի հետ հանդիպմանը։
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Էրդողանի վերջին հայտարարությունը ոտնահարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի եզրակացություններն ու միջազգային հանրության կոչերը: Հունաստանի արտգործնախարարությունը շեշտել է, որ Թուրքիան անհապաղ պետք է դադարեցնի իր սադրիչ ու անօրինական պահվածքը եւ ենթարկվի միջազգային օրենքին:
Ըստ Հունաստանի արտաքին գերատեսչության՝ պաշտոնական Աթենքը կշարունակի աշխատանքը Նիկոսիայի հետ՝ ուղղված երկգոտի եւ երկհամայնքային դաշնության սկզբունքի հիմքի վրա արդար ու կայուն խաղաղության հաստատմանը: