Արտասահմանում աշխատելու, նաեւ սովորելու բազմաթիվ հնարավորություններից մեկը որպես au pair արտերկիր մեկնելն է։ Au pair-ը 18-27 տարեկան երիտասարդ է, հիմնականում աղջիկ, որը մինչեւ մեկ տարի ժամկետով մեկնում է որեւէ երկիր, ապրում նախօրոք ընտրված ընտանիքում, օգնում երեխաների խնամքի հարցում։
Ընտանիքը նրան ապահովում է կացարանով ու սննդով: Մասնակիցը կարող է լեզվի դասերի հաճախել, որոնց համար նույնպես ընտանիքն է վճարում։ Մասնակցին տալիս են ամսական գրպանի գումար։ Հյուրընկալողները սովորաբար բարձր եկամուտ ունեցող մարդիկ են, որոնք, այս ծրագրի մի մասը դառնալով, ազատվում են որոշակի հարկերից։
Հայաստանից որպես au pair որեւէ երկիր գնալու համար կարելի է դիմել Max Work ընկերությանը։ Այստեղից հիմնականում Գերմանիա են գնում։ Նախկինում նաեւ Գերմանիայից Հայաստան են եկել։ Max Work ընկերությունից տեղեկացանք, որ Գերմանիա մեկնելու համար վիզան տրամադրում է հյուրընկալող ընտանիքը՝ երկու Գերմանական պետական մարմինների թույլտվությամբ (Auslanderbehorde, Bundesagentur fur Arbeit)։ Վիզան նախատեսված է միայն այս ծրագիրն իրականացնելու համար, անօրինական քայլերի դեպքում մասնակցին սպառնում է արտաքսում։
Քսանամյա Մարգարիտա Ղարիբյանն արդեն հինգ ամիս է, ինչ Au pair ծրագրով մեկնել է Գերմանիա։ Ապրում է Ռոմռոդ քաղաքում։ Սովորել է Էջմիածնի պետական քոլեջի մենեջմենթի բաժնում։ «Կամավոր եմ եղել հայկական Կարմիր խաչում, մի քանի ՀԿ-ներում, բայց ինձ անպետք էի զգում։ Ինձ ձգում էր հասուն ու ինքնուրույն անձ դառնալու միտքը»,- ասում է Մարգարիտան։
Ընկերներից լսելով Au pair-ի մասին՝ դիմել է ծրագրին, որպեսզի իր երազանքների երկիրը գնա։ Սկզբում գերմաներենին այդքան էլ լավ չի տիրապետել, բայց ժամանակի ընթացքում ավելի է հմտացել։ Լեզվի Բ1 մակարդակի դասընթացների էլ է մասնակցել, բայց դժգոհում է․ դասերն առցանց են եղել, մասնակիցները՝ շատ, ինտերնետային կապն էլ երբեմն ավելի է դժվարացրել ուսումնական գործընթացը։
Առաջին ընտանիքը, որտեղ ապրել է Մարգարիտան, ընտրվել է Max Work-ի հետ փնտրտուքի արդյունքում։ «Ընտրեցի էն ընտանիքը, որը, կարծում էի, ինձ առավել հարմար կլինի, բայց պարզվեց, որ սխալ ընտրություն եմ արել։ Մինչ գնալս իրենց հետ խոսել եմ երկու անգամ, մյուս ընտանիքների հետ էլ ընդհանրապես չեմ խոսել»,-պատմում է նա։
Առաջին ընտանիքում երկար ապրել չի հաջողվել։ Մարգարիտային հանձնարարել են պարտականությունների մեջ չմտնող գործեր, վերաբերմունքն էլ դրական չի եղել։ Հիմա նա երկրորդ ընտանիքի հետ է ապրում՝ տան լիարժեք անդամի կարգավիճակով։ Պատասխանատու է երեխաների համար ու տնային թեթեւ գործեր է անում, ինքն է տնօրինում իր ժամանակը ու որոշում որ օրն ինչ անել։ Au pair-ը կարող է ապրել ե՛ւ այն տան մեջ, որտեղ ընտանիքն է ապրում, առանձին սենյակում, ե՛ւ ուրիշ տան մեջ։
Au pair ծրագիրը նաեւ հնարավորություն է տալիս ճամփորդելու։ Մարգարիտան այդ հնարավորությունից օգտվում ու հաճախ է ճամփորդում՝ թե՛ ընտանիքի հետ, թե՛ առանձին։
Նա վաղուց է հետաքրքրված եղել Գերմանիայի մշակույթով։ Գերմանիա մեկնելուց հետո էլ համեմատականներ է տանում հայերի ու գերմանացիների միջեւ։ «Այստեղ կարեւոր է խիստ կազմակերպված լինել ու հետեւել ժամանակին, չխախտել մարդկանց անձնական տարածքը։ Կամ եթե ես ինչ-որ բան եմ գնում, դա անում եմ իմ փողով, դու գնում ես քո փողով։ Թեեւ երեւի Հայաստանում էլ կան այսպիսի մարդիկ։ Եղել է, որ գերմանացիների հետ ինչ-որ տեղ եմ գնացել, իրենք են վճարել իմ փոխարեն, եղել է նաեւ, որ յուրաքանչյուրս մեր փոխարեն ենք վճարել»,- պատմում է Մարգարիտան։
Ծրագրի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ պետք է հարմարվես ու վարժվես նոր ու օտար երեւույթներին։
Au pair լինելը Մարգարիտայի վրա մեծ ազդեցություն է թողել։ «Ես հիմա շատ ավելի ինքնուրույն եմ։ Աշխատանքիս պայմանները շատ խիստ չեն, բայց իմ մեջ պատասխանատվության մեծ զգացում է ձեւավորվել։ Բացի դրանից՝ այժմ ես ավելի հանգիստ ու հավասարակշռված եմ մոտնենում շատ հարցերի, քան մինչ այս ծրագրին մասնակցելը, երբ շատ արագ խուճապի կարող էի մատնվել, ինքնագնահատականս կարող էր արագ ընկնել»։ Երեխաների հետ շփման ընթացքում էլ հետաքրքիր բացահայտումներ է անում ու մտածում, թե ինչպես կդաստիարակի իր երեխաներին։
Մարգարիտային հաճախ են գրում անծանոթներ ու հարցնում ծրագրի անվտանգության մասին։ «Մինչ օրս ես անվտանգության հետ կապված ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Գերմանիայում ոչ ոք իրավունք չունի քեզ հետ վատ վարվելու՝ անկախ նրանից՝ դու գերմանացի ես, թե ոչ, քանի որ դրա համար խիստ կպատժվեն։ Ընտանիքից էլ շատ բան է կախված։ Եթե ընտանիքը լավը չէ, կարելի է այն փոխել, հայաստանյան կազմակերպությունն այդ հարցում օգնում է։ Առհասարակ, ցանկացած խնդրի դեպքում պետք է դիմել նրանց»,- ասում է Մարգարիտան։
Նա խորհուրդ է տալիս դիմանալ փոքր դժվարություններին, որոնք տարբեր մարդկանց դեպքում տարբեր են լինում, ու լավատես լինել, հակառակ դեպքում կստացվի, որ ամեն մանրուքից հանձնվում ես։
Մարգարիտան Գերմանիայում համալսարան է ընդունվել։ «Հայաստանում վճարը շատ էր, ես էլ չէի կարող վճարել։ Դրանից բացի, արդեն որոշ չափով գերմաներեն գիտեմ եւ ուզում եմ զարգացնել։ Իսկ երբ վերադառնամ Հայաստան, հեշտությամբ աշխատանք կգտնեմ, քանի որ գերմանախոսների համար շատ աշխատանք կա»,-պատմում է Մարգարիտան։