ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն ողջունում է երկխոսության հաստատման հարցում Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու՝ Եվրամիության ցանկությունը։
«Եթե միջնորդական ջանքերը խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն են բերում եւ օգնում են իրականացնելու գոյություն ունեցող պայմանավորվածությունները, ապա դրանք կարելի է միայն ողջունել»,- ասել է Պեսկովը։
Անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ գործընթացը վատ չի ընթանում, բայց Մոսկվան դեմ չէ միջնորդական լրացուցիչ ջանքերին։
Պեսկովը շեշտել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Նա հիշեցրել է, որ եռակողմ պայմանավորվածությունները կնքվել եւ իրականացվում են նախագահ Պուտինի բավական եռանդուն մասնակցությամբ։
Պեսկովը հայտարարել է, որ այժմ կողմերը զբաղվում են հենց ձեռք բերված պայմանավորվածությունների հարցերով։