2020-ի Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Տոշիրո Մուտոն չի բացառել վերջին պահին խաղերը չեղարկելու տարբերակը:
Մուտեն ընդգծել է, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ: «Հետեւում ենք վարակի զարգացման դինամիկային, եւ եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, կսկսենք բանակցել այդ հարցի շուրջ: Այս պահին դինամիկան կարող է աճել կամ նվազել, ուստի կմտածենք, թե ինչ է պետք անել, երբ ստեղծվի անվերահսկելի իրավիճակ»,- ասել է խաղերի կազմկոմիտեի ղեկավարը:
Ըստ Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքի՝ հուլիսի 1-ից սկսած օլիմպիական խաղերին ներգրավված անձանց, նաեւ մարզիկների շրջանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի 79 դեպք:
Տոկիոյի խաղերը տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Խաղերին կմասնակցի 206 երկրի 11 000 մարզիկ: Մրցումները կանցկացվեն առանց հանդիսատեսի: