Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին։
Զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն
Արման Թաթոյանը եվրոպացի պատգամավորին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը, ինչպես նաեւ ապացույցներ, որոնք հիմնավորում են, որ Սյունիքի եւ Գեղարքունիքի գյուղերի հարեւանությամբ Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական զինծառայողները պարբերաբար խոչընդոտում են բերքահավաքը եւ խոտքաղը, կենդանիներ գողանում, սպառնում բնակիչներին եւ այլն: Այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության եւ այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:
Կոպտորեն խախտում է միջազգային պահանջները
Հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները:
Արման Թաթոյանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները եւ քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, անհապաղ ազատ պետք է արձակվեն եւ վերադարձվեն հայրենիք՝ առանց քաղաքական կամ որեւէ այլ նախապայմանի:
Խրախուսում են հայատյացությունն ու հայասպանությունը
Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների եւ նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ, եւ լարվածություն առաջացնում հասարակությունում:
Պաշտպանը ներկայացրել է նաեւ ադրբեջանական զինված ուժերի՝ 2020-ի պատերազմական հանցագործությունները, եւ թե ինչպես են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները խրախուսում հայատյացությունն ու հայասպանությունը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։