Բելառուսի ընդդիմության առաջնորդ, 2020-ի օգոստոսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան պաշտոնական Վաշինգտոնին հորդորել է գործուն քայլեր ձեռնարկել երկրում փոփոխություններ խթանելու եւ Լուկաշենկոյի վարչակազմին իշխանությունից հեռացնելու նպատակով։
«Հասկանում ենք, որ միայն բելառուսներն են ի վիճակի ժողովրդավարական փոփոխություններ բերելու երկրին։ Դրա հետ մեկտեղ հույս ունենք, որ Ամերիկան, ամերիկացիներն ակտիվ քայլեր կձեռնարկեն եւ չեն սահմանափակվի զուտ խորհրդանշական քայլերով»,- Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Տիխանովսկայան։
Այս հանդիպման ընթացքում բելառուսական ընդդիմության ղեկավարը նաեւ կոչ է արել ամերիկյան իշխանություններին Ռուսաստանի ղեկավարության հետ շփումներում հստակ ուղերձով հանդես գալու՝ Մոսկվային բացատրելով, որ «Բելառուսի անկախությունը սակարկությունների ենթակա չէ»։