Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) կարեւորագույն փուլը․ սկսվել են ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։
Թրծաթողման շնորհիվ 80-85%-ով ելակետային վիճակի կվերադարձվեն ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը։
Այս ընթացակարգի իրագործումը հնարավորություն կտա հայկական ԱԷԿ-ը շահագործելու մինչեւ 2036 թվականը:
Թրծաթողման աշխատանքների նախապատրաստումը տեւել է գրեթե մեկուկես տարի: Այժմ թրծաթողման համար նախատեսված սարքավորումը տեղադրվել է կորպուսի իրանի մեջ, ավարտվել են վերջնական ստուգումները, եւ սկսվել է տաքացումը։
Ռեակտորի իրանը տաքացվում է մինչեւ 4750 աստիճան, այդ ջերմաստիճանում պահվում 150 ժամ, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը:
Ռեակտորի իրանի մետաղի ջերմամշակումը կիրականացվի մեկ շաբաթվա ընթացքում:
Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոնի մաս կազմող «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն։ Այժմ ԱԷԿ-ում թրծաթողման կայանքի կառավարման, տեխնոլոգիական բոլոր չափորոշիչների հսկողությամբ եւ ռեակտորի իրանի թրծաթողման ռեժիմով զբաղվում են ռուսական ընկերությունների եւ կազմակերպությունների մասնագետները։
Առաջին անգամ թրծաթողման տեխնոլոգիան կիրառվել է 1987-ին՝ Նովովորոնեժի ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկում: Վերականգնողական թրծաթողումներ են իրականացվել Կոլայի (Ռուսաստան), Ռովնոյի (Ուկրաինա), Կոզլոդույի (Բուլղարիա) եւ Լովիիսայի (Ֆինլանդիա) ատոմակայանների ռեակտորներում։