Վերջին ընտրությունների արդյունքում պառլամենտ անցան ուժեր, որոնց մեր ժողովուրդը 2018-ին մերժել էր։ Մերժել էր տրամաբանված ու մտածված։ Բայց նոր իշխանությունների սխալները, բացթողումներն ու տապալումները նրանց վերադարձի հնարավորություն ընձեռեցին։
Վերադարձած Ռոբերտ Քոչարյանը երեկ երեք հեռուստաընկերությունների հարցերին էր պատասխանում։ Հարցերը հիմնականում մեր այսօրվան էին վերաբերում եւ նորություն չէին։
Շատ ավելի հետաքրքիր կլիներ լսել նրա տեսակետներն անցած ու արդեն պատմություն դարձած զարգացումների վերաբերյալ։ Այդ պատմությունն է, վերջին հաշվով, մեզ մեր այսօրվան հանգեցրել։
Հնչեցնենք չհնչած հարցերից մի քանիսը․
Պարո՛ն Քոչարյան, հայտնի է, որ 1998-ին Ձեր համախոհների հետ Դուք դեմ գնացիք Ղարաբաղի խնդիրը խաղաղ կարգավորելու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին։ Պնդում էիք, թե Հայաստանն ի վիճակի է ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն տարբերակով եւ շրջափակված ապրելու։ Վստահեցնում էիք, որ կկարողանաք Հայաստանի համար շատ ավելի շահավետ փաստաթուղթ պարտադրել Ադրբեջանին, քան այն է, ինչ կար 1990-ականների վերջերին։ Բայց Ձեր իշխանության ընթացքում եւ հետո սեղանին եղած փաստաթղթերը գնալով ավելի ու ավելի շատ Ադրբեջանի շահերից էին բխում։
Տեսակետ կա, որ վերջին պատերազմի, մեր պարտության, մեր անդառնալի կորուստների հիմքում առաջին հերթին ընկած է Ձեր եւ Ձեր թիմակիցների 1998-ի այդ ճակատագրական քայլը։ Ինչպես նաեւ՝ իշխանության լինելու տարիներին աշխարհի ու տարածաշրջանի երկրների զարգացման ու փոխհարաբերությունների մասին Ձեր թյուր պատկերացումները, Ձեր վարած անիրատես ու չհաշվարկված քաղաքականությունը, ինչը Ձեզնից հետո շարունակեցին Ձեր թիմակից Սերժ Սարգսյանը եւ Ձեր քննադատ Նիկոլ Փաշինյանը։
Ե՛ւ 1998-ին, ե՛ւ դրանից հետո Ձեզ ու Ձեր հաջորդներին բազմիցս զգուշացրել են նման դիվանագիտության, նման պատկերացումների, որդեգրած նման դիրքորոշումների կործանարար լինելու մասին։ Ասվել է ձեզ, որ Հայաստանի զարգացման հնարավորություններն անհամեմատելի են Ադրբեջանի հնարավորությունների հետ, որ Հայաստանն անընդհատ զիջում է իր դիրքերը, որ հարեւանների հետ թշնամական հարաբերությունները, երկխոսելու, բանակցելու, օր առաջ հաշտության գնալու անհրաժեշտությունը չգիտակցելն աղետի են հանգեցնելու։ Բայց երեքդ էլ համառորեն շարունակեցիք գնալ կործանում տանող ճանապարհով։
Այսպես․
Հարց 1․ 1998-ին ընդդիմանում էիք Լեւոն Տեր-Պետրոսյանին, պնդում էիք, թե Ղարաբաղի չլուծված խնդիրը ներդրումների համար խոչընդոտ չէ, եւ շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա։
Որպես կառավարության ղեկավար՝ ամեն օր, փաստորեն, բախվել եք շրջափակման պատճառած ակնառու վնասներին, բայց դրանք չեք տեսել։ Երկարաժամկետ կտրվածքով դրա աղետաբերությունը չեք գիտակցել։ Չեք հասկացել, որ ծանրակշիռ ներդրումների համար հակամարտության լուծված չլինելը լուրջ խոչընդոտ է։ Ինչպե՞ս էր հնարավոր նման պարզունակ պնդումներ անել։ Ի՞նչ նպատակ էիք հետապնդում իրականում՝ լուծվա՞ծ տեսնել Արցախի խնդիրը, թե՞, օգտվելով առիթից, իշխանություն ձեռք գցել։
Հարց 2․ Հայաստանի ու Ադրբեջանի զարգացման տեմպերի ակնառու տարբերությունը հաշվի առնելով, Ադրբեջանի կողմից բանակի վրա կատարված ծախսերի միայն պաշտոնական թվին տեղեկանալով, որը տարեցտարի աճում էր եւ անգամներ գերազանցում Հայաստանի համապատասխան ծախսը, ինչպե՞ս էիք պատկերացնում ուժերի հարաբերության պահպանումը, սպառազինության մրցավազքին դիմանալը եւ պատերազմին պատրաստ լինելը։ Ինչպե՞ս էիք պատրաստվում ստիպելու Ադրբեջանին հարգել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ ճանաչել անկախությունը։
Հարց 3․ Ի՞նչ եք հասկացել/հասկանում փոխզիջում ասելով։ Ի՞նչ պետք է 1998-ին զիջեր Ադրբեջանը, որ Դուք չմերժեիք այդ օրերին սեղանին եղած փաստաթուղթը, համաձայնեիք գնալ խնդրի խաղաղ լուծման ճանապարհով, եթե Ձեր նպատակն, իհարկե, հակամարտության լուծումն էր։ Այսօր գրանցված արդյունքը հաշվի առնելով՝ արդյունք, որի անխուսափելի լինելու մասին Դուք եւ Ձեր թիմակիցները, Դուք եւ Ձեր գործը շարունակողներն անընդհատ զգուշացվել եք, կասե՞ք՝ ինչ տվեց Հայաստանին եւ Ղարաբաղին ձեր դիրքորոշումը։
Հարց 4․ Դուք երկու ժամկետ Հայաստանի նախագահ եք եղել, այսօր պառլամենտում լուրջ ներկայություն ունեք, վերջին այս պատերազմի ու այս ջախջախիչ պարտության համար մեղքի Ձեր բաժինը տեսնո՞ւմ եք։
Այս հարցերի հասցեատեր կարող է լինել նաեւ Սերժ Սարգսյանը։ Ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Սարգսյանն, իհարկե, կարող են խուսափել եւ չպատասխանել։ Կարող են ձեւացնել, թե այս հարցերն իրենց չեն վերաբերում, թե սխալ հասցեատեր ենք ընտրել։ Ասում են, չէ՞, որ իրենց օրոք պատերազմ չի եղել, ուրեմն, ըստ կուռ տրամաբանության, եթե իրենք մնային իշխանության, չէր էլ լինելու։ Կարող են ձեւացնել, թե այսօրվա մեր իրականությունն իրենց դրած հիմքերի հետ կապ չունի։ Իրենց գործն է։ Բայց պատմությունն, անկասկած, կհնչեցնի այս հարցերը եւ, որ ավելի կարեւոր է, կտա դրանց անաչառ պատասխանները։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։